Վալլեքս խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի շնորհավորական ուղերձը՝ Հանքագործի ու Մետալուրգի մասնագիտական տոնի և Ալավերդու օրվա առթիվ:

Հարգելի գործընկերներ, ընկերներ, ալավերդցիներ
Սիրով շնորհավորում եմ աշխատանքային մեր հաջողություններն ու ձեռքբերումները ի մի բերելու ավանդական տոնի՝ Հանքագործի ու Մետալուրգի, ինչպես նաև Ալավերդու օրվա կապակցությամբ: Հազարամյակների պատմություն ունեցող հանքագործի և մետալուրգի մասնագիտությունները սերնդեսերունդ ստացել և հաջորդ սերունդներին ենք փոխանցել` հարստացնելով այն: Մեր խմբի լեռնահանքային ընկերություններն իրենց նպաստն են բերել այդ գործում: Այսօր էլ շարունակում ենք հարստացնել ավանդույթները, զարգացնել լեռնամետալուրգիայի պատմությունը, նոր խոսք ու նոր մշակույթ արմատավորելով այդ ոլորտներում:
Համավարակի և պատերազմի լուրջ փորձություններից հետո, մենք, այնուամենայնիվ, տնտեսական որոշ ցուցանիշներով հաջողություններ ենք գրանցել: Վստահ ենք, որ դա կլինի անշեղ:
Այսօր նաև Ալավերդու օրն է, լեռնահանքային արտադրության 250-ամյա փառապանծ պատմության խորհրդանշական օրը: Ուրախ եմ նշել, որ «Էյ-Սի-Փի» ընկերության առողջացման ծրագրի շրջանակներում, աղացագնդերի արտադրամասի հաջող գործարկումը վստահություն է ներշնչում, առ այն, որ Ալավերդիում նոր արտադրությունների ստեղծման մեր ծրագրերը հաջողությամբ կպսակվեն:
Ալավերդցիների հետ ուս-ուսի՝ մեկ անգամ արդեն ավերակներից վերականգնել ենք մեր բոլորի գործարանը։ Միասին կարողանալու ենք անել դա կրկին: Արտադրությունների հետպատերազմյան վերականգնումը, զարգացման բոլոր ծրագրերն իրականություն են դարձել և դառնում մեր ընկերությունների արհեստավարժ ու փորձառու աշխատակիցների շնորհիվ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ տոնի առթիվ, մաղթում՝ քաջառողջություն, անսահման ուժ և նորանոր նվաճումներ:

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ