Ջրերի կառավարում
Թափոնների կառավարում
Կենսաբազմազանություն
Անտառի պահպանություն
Հուշարձանների պահպանություն
Կապալառուներին ներկայացվող պահանջներ

Ջրերի կառավարում

Ընկերության կողմից ջրային ռեսուրսների կառավարումը ներառում է արտադրական ջրի շրջանառության կարգավորման և թափոնաջրերի տնօրինման խնդիրները, շրջակա ջրային միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումները և ջրային ռեսուրսների լայնածավալ մշտադիտարկումը:

Թափոնների կառավարում

Ընկերության կողմից թափոնների կառավարումը ներառում է ինչպես արտադրական տարաբնույթ, այնպես էլ ընկերության կենցաղային տարածքներից առաջացող թափոնների անվտանգ կառավարման սկզբունքները: Թափոնների կառավարման գործընթացքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մակաբացման լցակույտերի և պոչամբարում տեղակայված պոչանքների թթվագոյացման ներուժի գնահատումը և շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների սահմանումը և իրագործումը:

Կենսաբազմազանություն

Ընկերությունը կարևորելով կենսաբազմազանության պահպանության, մասնավորապես ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների պահպանումը, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի և բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ սահմանել և իրագործում է կենսաբազմազանության ամենամյա մշտադիտարկում:

Անտառի պահպանություն

Գիտակցելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկը անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է, «Թեղուտ» ՓԲ ընկերությունը չի սահմանափակվելու բնապահպանական վնասի փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմներով: Առաջնորդվելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներով` «Թեղուտ» ՓԲԸ-ն մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր, որը նախատեսում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի (357 հա) կրկնակիին հավասար գումարային մակերեսով տարածքներում (714 հա): Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել վերոնշյալ 714 հա տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար` մինչ անտառի էկոհամակարգի համար բնութագրական տարրերի կայացման նախադրյալների ապահովումը:

31.01.2018թ. դրությամբ անտառային ծածկույթի հատումներ են իրականացվել 223.2 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար անտառապատման ծրագրի շրջանակներում ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել շուրջ 562 հա գումարային մակերեսով տարածքներում:

Ըստ տարիների անտառահատման և անտառապատման աշխատանքների ցուցանիշները ներկայացված են ստորև.

Տարեթիվ Անտառահատում, հա Անտառապատում, հա Անտառապատման համար վճարված գումար, առանց ԱԱՀ, դրամ
2008 20.23
2009 18.84 95.0
2010 15.2 28.0
2011 20.37 65.5
2012 48.30 94.5
2013 20.08 78.5
2014 17.2 13.0
2015 28.0 76.2
2016 13.5 39.4
2017 21.5 71.9
Ընդամենը  223.2 562  
Հուշարձանների պահպանություն

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1278-Ն որոշման համաձայն մշակվել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր (հաստատված «ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով»):

Ընկերությունը վարում է հողային աշխատանքների ընթացքում հուշարձանների և այլ պատմամշակութային արժեքների հայտնաբերման դեպքում դրանց պահպանությունն ու անվթարությունն ապահովող ընթացակարգ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը «Թեղուտ» ՓԲԸ հետ կնքած պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքներով ըստ տարիների կազմել է հաշվետվություններ, որոնք ներկայացվել են ՀՀ Մշակույթի նախարարություն:

Կապալառուներին ներկայացվող պահանջներ

Ընկերությունն իր սոցիալական պատասխանատվության մասն է համարում իր կապալառուների աշխատանքի՝ շրջակա բնական, սոցիալ-տնտեսական և պատմամշակութային միջավայրերի վրա հնարավոր ազդեցությունների տեսանկյունից միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան իրականացումն ապահովելու պարտավորությունը և կապալառուներին ներկայացնում է համագործակցության նախապայման հանդիսացող հետևյալ պահանջները: