Հայրենական պատերազմի տարիներին Ալավերդու պղնձագործները հերոսական աշխատանք են կատարել, խորհրդային կռվող բանակին ապահովելով ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մետաղով՝ պղնձով: Ռազմաճակատի գիծը Կովկասի մատույցներին հասնելուց հետո փակվեցին կենտրոնական Ռուսաստանի ու Դոնբասի հետ կապող ճանապարհները: Ալավերդում ստիպված եղան արտադրել մետալուրգիական շերեփներ, պտտափոկեր ու հրակայուն աղյուս ոչ միայն սեփական կարիքների համար, այլև այդ կարևոր արտադրատեսակները Կասպից ծովի վրայով առաքեցին Ադրբեջանի ու Սիբիրի ձեռնարկություններին:

1941-1945թթ. Ալավերդու պղնձագործարանում յուրացրին նաև փամփուշտների արտադրությունը: Ի դեպ պատերազմի տարիներին Ալավերդու պղնձագործարանն արտադրել է Խորհրդային Միությունում արտադրվող պղնձի շուրջ 24%: Սա հիմք է տալիս պնդելու, որ հենց Ալավերդիում է արտադրվել խորհրդային բանակի կրակած յուրաքանչյուր չորրորդ փամփուշտի ու յուրաքանչյուր չորրոդ արկի պղինձը:

Լուսաբանում՝ Հանրային Հեռուստաընկերություն