2011 թվականի նոյեմբերի 12-ին Ալավերդիում նշվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյակը:

Տոնական միջոցառումները մեկնարկեցին խաչերթով, որին մասնակցող բազմաթիվ հավատացյալներ խաչերով քայլեցին դեպի եկեղեցի: Եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ:

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2000 թվականի նոյեմբերի 18-ին` Ալավերդու պղնձաձուլական գործարանի 230-ամյակի տոնակատարության օրը: Եկեղեցու կառուցմանն ու կահավորմանը իրենց աջակցությունը բերեցին Գուգարաց թեմը, ի դեմս առաջնորդի` Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, Ալավերդու տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ, բնակչությունը` եկեղեցում դրված հանգանակության գանձանակների միջոցով: 2001 թվականի նոյեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ և բազմահազար հավատացյալների մասնակցությամբ եկեղեցին օծվեց և այդ օրվանից դարձավ գործող եկեղեցի: Այն իր շուրջը համախմբեց հազարավոր հավատացյալների, դարձավ Ալավերդու հոգևոր-մշակութային կյանքի նոր կենտրոնը:

Եկեղեցու օծման տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում եկեղեցու բակում մատաղ մատուցվեց:

Տոնական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ալավերդցի տասը նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Իսկ տոնական օրվա ավարտին ալավերդցիներին ևս մեկ նվեր էր սպասվում. Ալավերդու մշակույթի կենտրոնի դահլիճում ցուցադրվեց Ս. Խալաթյանի «Հրադադար» ներկայացումը:

«Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյակի առթիվ

Սիրելի ալավերդցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյա­կի կա­պակցությամբ:

Անցած 10 տարիները զարթոնքի և վերելքի տարիներ դարձան Ալավերդու հոգևոր կյան­քում, և դրանում մեծ է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դերը: Եկեղեցու օծմամբ նոր լիցք հաղորդվեց մեր քաղաքի մշակութային մթնոլորտին: Նոր եկեղցին հոգևոր-մշակութային նոր առանցք դարձավ Ալավերդու համար, որի շուրջ համախմբվելով՝ալավերդցիների համար ավելի դյուրին է հաղթահարել ներքին հակադրություններն ու անմիաբանությունը և հավատով միասնական՝ ձեռնամուխ լինել նոր ծրագրերի, հոգևոր և նյութական մշակույթի բնագավառներում նոր նվաճումների:

Մեր տարածաշրջանում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ կան, որոնց շար­քում համամարդկային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Սանահինի, Հաղ­պա­տի և Օձունի վանական համալիրները: Խորհրդային աստվածամերժության տարի­նե­րին, ցա­վոք, զգալիորեն թուլացել էր ժողովրդի կապը այդ հզոր հոգևոր կենտրոնների հետ:

Գաղափարախոսական արգելքների պատճառով մարդիկ հաճախ խուսափում էին նույնիսկ խոսել հավատի մասին, սա­կայն քրիստոնեության լույսը մարդկանց հոգիներում երբեք չմարեց: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին իր օծման օրից գործող եկեղեցի է: Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի ջանքերով մարդկանց հոգիներում ծվարած լույսը նորից ճառագեց, վերակենդանացան անցյալի բարի ավանդույթները, քրիս­տո­նեա­կան ծեսերն ու արարողությունները դարձան Ալավերդու առօրյայի անքակտելի մասը, առավել ամրապնդվեց ժողովրդի կապը նաև պատմական հոգևոր կենտրոնների հետ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր ի վեր եղել է մեր ազգային ինքնության պահապանն ու բյուրեղացնողը, ժողովրդի բարոյահոգեբանական նեցուկն ու բարքերի զտիչը: Այդ առաքելությանը հավատարիմ եղավ նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին. այսօր մենք ավելի միասնական, միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող և սեփական ուժերի նկատմամբ ավելի վստահ ենք: Մենք պետք է կարողանանք ոչ միայն հարգել նախնյաց ստեղծած հավերժական արժեքներն ու հպարտանալ դրանցով, այլև մեր սերնդի հետքը թողնել ազգային մշակույթի պատմության մեջ, պետք է փորձենք նախնիների օրինակով ստեղծել հավերժական արժեքներ, որոնք կփոխանցվեն սերնդեսերունդ:

Աստված մեզ հետ, սիրելի ալավերդցիներ:

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ

Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ