Old Version
Announcement (in Armenian) (05.10.2012)

Հայտնում ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) իր 2012թ. սեպտեմբերի 25-ից 28-ը Ժնևի գրասենյակում գումարված հերթական նստաշրջանի ընթացքում, օրակարգի այլ հարցերի շարքում սեպտեմբերի 25-ի նիստին (այսուհետ՝ Նիստ) քննարկել է Հայաստանի Հանրապետության կողմից Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի պահանջների խախտման վերաբերյալ «Էկոդար» ՀԿ դիմումը:

Բացի Կոմիտեի անդամներից, Նիստին ներկա են եղել դիմումատուի ներկայացուցիչներ Հրայր Սավզյանը, Արթուր Գրիգորյանը, մշտապես Շվեյցարիայում բնակվողներ Արտյուշ Համբարձումյանը, Անուշ Սարգսյանը, Հակոբ Ասլանյանը, Լիանա Ղուկասյանը, Տիգրան Տոնոյանը, Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի համակարգող տիկին Աիդա Իսկոյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների գլխավոր իրավախորհրդատու Սահակ Կարապետյանը և դիտորդներ:

2012թ. հոկտեմբերի 1-ին Երևանի «Ելակետ» մամուլի ակումբում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներ են եղել «Էկոդար» ՀԿ ներկայացուցիչներ Հրայր Սավզյանը և Արթուր Գրիգորյանը: Հաշվի առնելով, որ ասուլիսի շրջանակներում հնչեցվել և (կամ) հետագայում լրատվամիջոցներում հայտնվել են իրականությանը չհամապատաս­խանող տարաբնույթ դատողություններ՝ հարկ ենք համարում խնդրով շահագրգիռ հանրությանը հայտնել հետևյալը.

Կոմիտեի նիստը հրավիրված է եղել քննարկման առարկայի լրիվ ու բազմակողմանի ուսումնասիրության, դիմումատուի և շահագրգիռ կողմերի դիրքորոշումները պարզելու և հստակեցնելու, ինչպես նաև՝ Կոմիտեի անդամների մոտ ծագած հարցերի պատասխանները ստանալու օրակարգով:

«Էկոդար» ՀԿ ներկայացուցիչները Նիստի ընթացքում հարց են բարձրացրել «Վալլեքս» խմբի ներկայացուցչի մասնակցության իրավաչափության վերաբերյալ, ինչին ի պատասխան Կոմիտեի նախագահը և քարտուղարը տեղում հաստատել են «Վալլեքս» խմբի ներկայա­ցուցչի մասնակցության իրավաչափությունը՝ պարզաբանելով, որ վերջինս նիստին մաս­նակցում է Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի համակարգողի հրավերով՝ որպես քննարկման առարկային լավատեղյակ անձ, որը կարող է նաև պարզաբանումներ տալ Կոմիտեին հետաքրքրող հնարավոր հարցերի շուրջ:

«Վալլեքս» խմբի ներկայացուցիչը, ինչպես և ներկաներից յուրաքանչյուրը, Նիստի շրջա­նակ­ներում պատասխանել է բացառապես իրեն տրված հարցերին կամ այն հարցերին, որոնց հետ կապված Կոմիտեն ցանկացել է իմանալ նաև տվյալ անձի դիրքորոշումը: Կոմիտեի հիմնական գործառույթը ստացված դիմումների քննարկումը, դրանց հիմնավորվածության պարզումը և քննարկման արդյունքներով՝ Օրհուսի կոնվենցիայի անդամ համապատասխան երկրին կոնկրետ առաջարկությունների ներկայացումն է, որոնք հիմնականում կապված են օրենսդրության կատարելագործման, Օրհուսի կոնվենցիայի տառին և ոգուն դրա համա­պա­տաս­խա­նեց­ման հետ: Կոմիտեն որևէ տնտեսական կամ այլ ծրագիր թույլատրելու կամ արգելելու գործառույթ չունի, և Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված այդպիսի հարց երբևէ Կոմիտեի օրակարգում չի եղել:

Նիստի արդյունքներով Կոմիտեն կողմերից պահանջել է երեքշաբաթյա (հետագայում ժամկետը երկարացվել է մինչև մեկ ամիս) ժամ­կե­տում ներկայացնել Նիստի շրջանակներում կողմերի հիշատակած կամ վկայակոչած լրացուցիչ փաստաթղթեր և հիմնավորումներ՝ որոշման նախագծի մշակման շրջանակներում դրանք օգտագործելու համար: Մասնավորապես՝ Նիստի ընթացքում, որպես իր դիրքորոշման ապացույց, «Էկոդար» ՀԿ ներկայացուցիչը Կոմիտեին հավաստեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՀՀ Սահմանադրական դատարանը մի որոշում կկայացնի, որով պաշտոնապես կհաստատի ՀՀ դատարանների կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների խախտման փաստը: Նա նաև նշել է, որ որոշման նախագիծն իր մոտ փաստացի առկա է, ու ինքը կարող է Կոմիտեին ներկայացնել դրա ոչ պաշտոնական թարգմանությունը: Հիմք ընդունելով «Էկոդար» ՀԿ ներկայացուցչի վերոհիշյալ հաստատումը և նպատակ ունենալով ստանալ քննարկման առարկային վերաբերող որևէ պաշտոնական փաստաթուղթ՝ Կոմիտեն առաջարկել է վկայակոչված որոշման պաշտոնական թարգմա­նությունը ներկայացնել ՀՀ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կայացումից հետո՝ Կոմիտեի սահմանած ժամկետում:

Մինչև քննարկման առարկայի վերաբերյալ Կոմիտեի նախնական դիրքո­րոշ­ման մասին որևէ փաստաթուղթ (որոշման նախագիծ) ունենալը՝ լրատվամիջոցներով այս առնչությամբ արված մեկնաբանություն­ներն ու տրված գնահատականները «Վալլեքս» խմբի ընկերությունները համարում են ժամա­նա­կավրեպ. մենք զերծ ենք մնում և խնդրով շահագրգիռ բոլոր անձանց հորդորում ենք ձեռնպահ մնալ որոշման ակնկալվող բովանդակության մասին մեկնաբանություններից ու գնահա­տական­նե­րից:

Առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ հայտնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկե­րու­թյունների տե­ղեկատվու­թյան և հա­սա­րա­կայնության հետ կա­պերի բա­ժինն իրականացնում է ինչպես ԶԼՄ ներ­կա­յա­­ցու­ցիչ­նե­րին ըն­կերությունների գոր­ծունեության վերաբերյալ տե­ղեկատվության, այնպես էլ այլ աղ­բյու­րից արդեն ստացված տե­ղեկատվության ստույգության ու հավաս­տիու­թյան վերա­բերյալ պար­զաբանումների տրա­մա­դրում: Տեղեկատվական բնույթի հարցումներով կարող եք դիմել՝

pr@vallex.com էլեկտ­րոնային փոստի հասցեով

կամ զանգահարել

(+374 10) 51 08 85 + 2010 կամ

(+374 10) 51 08 85 + 2014 հեռախոսահամարներով

կամ այցելել ՀՀ, ք. Երևան, Խանջյան 19:

Հայտ­նում ենք մեր պատրաստակամությունը «Վալլեքս» խմբի ընկերությունների գոր­ծու­նեությանն առնչվող տեղեկատ­վության հարցում­ներին պատշաճ արձագանքելու վերա­բե­րյալ: