Old Version
Interview with the Vice-President of Vallex Group Companies Gagik Arzumanyan (07.05.2011)

Լարիսա Փարեմուզյան

«Հետքի» հարցերին պատասխանում է «Էյ Սի Փի» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը

Ապրիլի 27-ին նախագահ Սերժ Սարգսյանի` հանքարդյունաբերության ոլորտի գործող ընկերությունների տնօրենների եւ սեփականատերերի հետ հրավիրած խորհրդակցությունից առաջ նախագահին ներկայացվել են «Վալլեքս»-ի ներդրումային ծրագրերը:

Ի՞նչ ծրագրերի մասին էր խոսքը:

Մենք երեք հիմնական խնդիր ներկայացրինք հանրապետության նախագահին այս պահին իրականացվող ներդրումային ծրագրերի առումով: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում Կաշենի հանքային դաշտում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքներն ու դրանց ակնկալիքները, Դրմբոնում այս պահին իրականացվող շինարարական աշխատանքները' պայմանավորված թափոնների վերամշակման արտադրամասի կառուցման հետ: Բացի այս, նախագահը տեղեկացվեց նաեւ մեր խմբի ընկերությունների գործունեության վերջին մի քանի տարիների արդյունքների մասին:

Ի՞նչ գնահատականի արժանացան այդ ծրագրերը:

Ոչ միայն մեր ծրագրերի մասին, ընդհանրապես լեռնահանքային ոլորտի հետ կապված` նախագահը, արդեն ավելի լայն կազմով հանդիպմանը, նշեց, որ պետությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել կենսունակ ծրագրերի իրականացմանը:

Խորհրդակցության նպատակը նաեւ հանքարդյունաբերության ոլորտի ղեկավարների եւ կառավարության, պետեկամուտների կոմիտեի, մաքսային ծառայության արդյունավետ համագործակցության քննարկումն էր:

Ի՞նչ տվեց այդ քննարկումը:

Ընկերությունները հնարավորություն ունեցան հանրապետության նախագահի ներկայությամբ Կառավարության համապատասխան օղակների ղեկավարների հետ քննարկել այն խնդիրները, որոնք հուզում են իրենց. դրանք վերաբերում են թե հարկային ու մաքսային վարչարարությանը, եւ թե ընդերքի օգտագործմանը: Մասնավորապես` մենք կիսեցինք այն մտահոգությունները, որոնք կապված են այս պահին ԱԺ-ում գտնվող «Ընդերքի մասին» օրենքի նախագծի հետ: Եղավ այն ընկալումը, որ այդ օրենքի նախագիծը ավելի մանրամասն քննարկումների կարիք ունի:

Միջազգային շուկայում պղնձի գների հետ կապված` Ս. Սարգսյանը կոչ արեց հանքարդյունաբերողներին ընդլայնել իրենց ներդրումները' կարեւորելով սեփականատերերի ակնկալվող շահույթները, աշխատատեղերի ստեղծումը եւ պետության հավելյալ եկամուտները: Սակայն բնապահպանության եւ աշխատողների աշխատավարձի բարձրացման խնդիրներ նախագահը, կարծես թե, չշոշափեց: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

Այնպես չէ, որ չշոշափեց: Նախ` հանրապետության նախագահը չի խոսել պղնձի գների մասին, խոսել է ընդհանրապես մետաղների գների մասին, որովհետեւ այո, պղինձը կարեւոր է, բայց հանրապետությունում արդյունահանվող ամենակարեւոր մետաղը չէ իր արժեքով եւ նշանակությամբ: Դա վերաբերում է թե պղնձին, թե մոլիբդենին, ոսկուն, իհարկե, ցինկ, կապար եւ այլն, որովհետեւ հանրապետությունը այս պահին արդյունահանում եւ արտահանում է այս բոլոր նշված մետաղները: Նախագահը շեշտեց, որ խոսքն այն կենսունակ ծրագրերի մասին է, որոնք հաշվի են առնում հասարակության զարգացման հետ կապված բոլոր պահանջները, ոչ միայն տնտեսական կողմը:

Նկատի ունենալով միջազգային շուկայում պղնձի գնի բարձրացումը'`Ալավերդիում եւ Թեղուտում բանվորները մեղադրում են «ԷՅ Սի Փի»-ին իրենց աշխատավարձը չբարձրացնելու համար: Այն տատանվում է 60-100 հազար դրամի սահմաններում: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ես կարծում եմ` շատերին կհետաքրքրի, թե որն է պղնձաձուլարանի գործունեության առանձնահատկությունը, հետո կանդրադառնամ նաեւ աշխատավարձի խնդրին: Պղնձաձուլարանն իր գործունեության տնտեսական նկարագրով էապես տարբերվում է հանքարդյունահանող ընկերությունից: Վերջինս ամբողջությամբ կախված է միջազգային շուկայի քմահաճույքից. եթե միջազգային շուկայում արդյունահանվող մետաղի գները բարձրանում են, աճած գնի 100%-ը ստանում է հանքարդյունահանողը, եթե գներն ընկնում են, ապա նվազած գնի 100%-ի չափով տուժում է հանքարդյունահանողը: Իր գործունեության համար պղնձաձուլական գործարանը խտանյութը գնում է' մաքուր պղնձի միջազգային գինը վճարելով 100 տոկոսով, այսինքն` ամբողջությամբ:

Խտանյութում պարունակվող պղինձը դեռեւս պիտանի չէ միջազգային շուկայում վաճառելու համար: Այն պետք է անցնի վերամշակման բազմաթիվ փուլեր' ձուլում, զտում եւ այլն: Դրա համար մատակարարը գնորդին վճարում է վերամշակման վճար: Պղնձաձուլարանի եկամուտները, ըստ էության, ձեւավորվում են վերամշակման այդ վճարից, որը հաստատուն մեծություն է: Այդ գումարի չափի որոշումն ուղղակի որեւէ առնչություն չունի պղնձի գների հետ: Այդ գումարը որոշվում է' կախված նրանից, թե տվյալ պահին միջազգային շուկաներում խտանյութի առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը ինչպիսին է: Եթե մեկ տարվա կտրվածքով դիտարկելու լինենք, ապա Ալավերդու պղնձաձուլական գործարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից եւ Դրմբոնի «Բեյզ Մեթըլս» ընկերության լեռնահանքային կոմբինատից ստանում է վերամշակման նույն գումարը, որքան էլ որ տարվա ընթացքում ռաֆինացված պղնձի գները բարձրանան, ինքնարժեքը փոխվի, շաքարավազի, հացի եւ այլ գներ ՀՀ-ում բարձրանան եւ այլն, վերամշակման գումարը փոփոխության ենթակա չէ:

Այսինքն` որքան բարձր են պղնձի գները, այնքան աշխարհի բոլոր պղնձաձուլարանները, այդ թվում նաեւ Ալավերդու պղնձաձուլարանը իրականում տուժում է, որովհետեւ բարձր գների պայմաններում վերամշակման նույն վճարը ստանալու համար ձուլարանը ստիպված է լինում անհամեմատ ավելի մեծ շրջանառու միջոցներ ներգրավել հումքի գնումները ֆինանսավորելու նպատակով: Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա դրա փոփոխությունը պայմանավորող երկու խնդիր պետք է լուծենք: Առաջինը բնապահպանական խնդիրն է, երկրորդը արտադրության ծավալների հետ կապված խնդիրներն են: Մենք համոզված ենք, որ 2-րդ կիսամյակի ընթացքում մենք կթեթեւացնենք արտանետումների բնապահպանական ազդեցությունները Ալավերդու բնակչության վրա եւ դրան զուգահեռ որոշ չափով կկարողանանք ավելացնել արտադրության ծավալները: Դա կնշանակի, որ արտադրության քիչ թե շատ հաստատուն ծախսերի պայմաններում ավելի շատ խտանյութ վերամշակելով' մենք ավելի շատ վերամշակման գումարներ կստանանք: Այ դա է, որ շահույթների բարձրացման ավելի մեծ հնարավորություններ է տալիս:

Այդուամենայնիվ, առաջիկայում Դուք Ալավերդու պղնձաձուլական գործարանի բանվորների աշխատավարձը բարձրացնելու հնարավորություններ տեսնո՞ւմ եք:

Ես կարծում եմ` մենք կունենանք այդպիսի հնարավորություն: Ես Ձեզ օր եւ ժամ չեմ կարող ասել: Ես երկու գործոն նշեցի, այդ երկու գործոնների լուծումից է կախված: Եվ հավատում եմ, որ դա ամիսների խնդիր է:

Հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցությունը որեւէ բան կտա՞ հանքարդյունաբերողներին, մասնավորապես`ժողովրդին:

Ավելի քան վստահ եմ: