Կայքի հին տարբերակը
«Կանաչ սահման». բնապահպանական միջոցառում զորամասում (18.11.2013)

2013 թ. նոյեմբերի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկով ուղեկցվող հերթական բնապահպանական երիտասարդական միջոցառումը, որն այս անգամ կրում էր «Կանաչ սահման» խորագիրը: Մասնակցում էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, Լոռու մարզի երիտասարդության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ և այլ շահագրգիռ անձիք՝ ընդհանուր թվով՝ մոտ 140 մարդ:

Մինչ ծառատունկի իրականացման վայր՝ սահմանային զորամաս, ժամանելը՝ միջոցառման մասնակիցներն այցելեցին զոհված հայ ոստիկան ազատամարտիկների հուշահամալիր Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ծաղիկներ դրեցին հուշարձանին: Այդուհետ մասնակիցներն այցելեցին սահմանային զորամաս, որտեղ նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկ Վալերի Չիթչյանի հիշատակին կառուցված հուշարձանին, ապա՝ իրականացրեցին ծառատունկ զորամասի տարածքում:

Զորամասի տարածքը կանաչապատելու և երրորդ պաշտպանական գոտում անտառային լրացուցիչ պաշտպանիչ շերտ ստեղծելու նպատակով ծառատունկեր իրականացնելու համար «Մանես» բարեգործական հիմնադրամի միջոցներով ձեռք բերված ավելի քան 500 տնկի «Կանաչ սահման» միջոցառման շրջանակներում նվիրաբերվեց զորամասին: Պաշտպանական գոտում ծառատունկի նպատակը թշնամու գնդակների և մեր զինվորների միջև ևս մեկ պատնեշ ստեղծելն ու մեր սահմանները թշնամու համար առավել անառիկ դարձնելն է:

Ծառատունկից հետո հյուրերը շրջեցին զորանոցներում և ծանոթացան զինվորների կենցաղին, բանակային առօրյային, շարահրապարակում դիտեցին գնդի հետախուզական վաշտի ցուցադրական մարտական վարժություններ: Զորամասի ակումբում հյուրերին համար տրվեց համերգ՝ զորամասի ժողովրդական գործիքների համույթի կատարմամբ, որի համար օգտագործվող ձայնային տեխնիկան նույնպես «Մանես» բարեգործական հիմնադրամի նվերն է զորամասին: Միջոցառումն ավարտվեց զորամասի ճաշարանում ընթրիքով:

«Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը կոորդինացնող ստորաբաժանումների ներկայացուցիչները պայմանավորվածություններ ձեռք բերեցին զորամասի հրամանատարության հետ այդօրինակ միջոցառումները շարունակական դարձնելու և ընդլայնելու վերաբերյալ: