Ընդունելություն Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում (10.03.17)

«Վալլեքս» խմբի ընկերությունների պատվիրակությունը՝ նախագահ Վալերի Մեջլումյանի գլխավորությամբ մարտի 10-ին այցելեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Ռեկտորի ընդունարանում հյուրերին դիմավորեցին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, ՈւԽ նախագահ Գոռ Վարդանյանը: ՀԱՊՀ կողմից հանդիպմանը ներկա էին Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինկա Բաղդասարյանը և ՈւՄՎ պետ, պրոռեկտոր Մեխանիկամեքենագիտական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի տնօրեն Կարեն Արզումանյանը: «Վալլեքս» խմբի պատվիրակության կազմում էին խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Լուսինե Մեջլումյանը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության գործադիր վարչության փոխնախագահ Սահակ Արզումանյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թագուհի Կարապետյանը:

ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը և պատվիրակության անդամներն իրենց ելույթներում անդրադարձան կրթության դերի կարևորությանը` ներկա սերունդի ապագայի, զարգացվածության և աշխատակիցների հնարավորինս մասնագիտացվածվածության համատեքստում։ «Վալլեքս» խմբի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց սերտացնելու համագործակցությունը բուհի ուսանողների հետ։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին խմբի ընկերության ֆինանսա-տնտեսական ցուցանիշները («Արմենիան Քափըր Փրոգրամ» 2010-2017թթ., Ալավերդու պղնձաձուլական գործարանի արդիականացման ծրագիր (ռուս.), Հանքարդյունաբերության հեռանկարները ՀՀ-ում և ԱՀ-ում), ցուցադրվեցին ճանաչողական ֆիլմեր` խմբի ընկերությունների մասին: Հանդիպման ավարտին ծավալվեց անկեղծ հարց ու պատասխան:

Լուսանկարներ