Կայքի հին տարբերակը
Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ (13.06.2012)

Ս.թ. հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակ­ցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այցելության առաջին կանգա­ռը եղավ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ լեռնահանքային համալիրում՝ Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մերձակայքում: Ընկերության վարչական շենքում կազմակերպվեց լեռնահանքային արդյունաբերության՝ Արցախի տնտեսության մեջ դերին ու նշանակությանը և զարգացման հիմնախնդիրներին նվիրված քննարկում. Արցախում և Հայաստանում «Վալլեքս» խմբի կատարած աշխատանքներն ու զարգացման տնտեսական ծրագրերը շրջայցի մասնակիցներին ներկայացրեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը և փոխնախագահ Արթուր Մկրտումյանը: Քննարկումից հետո շրջայցի մասնակիցները եղան Դրմբոնի լեռնահանքային համալիրի հիմնական միավորներում. այցելեցին հարստացուցիչ ֆաբրիկա, նախկինում կուտակված և ընթացիկ գործունեությունից գոյացող պոչանքներից օգտակար հանածոների լրացուցիչ կորզման նորակառույց արտադրամաս, գերմանական արտադրության պոլիէթիլենային թաղանթով ջրամեկուսացված, նորակառույց պոչամբար և այլ օբյեկտներ: Այդուհետ խումբն ուղևորվեց Ստեփանակերտ: Ստեփանակերտում տեղի ունեցավ հանդիպում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ. քննարկվեցին Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Այցելության հաջորդ օբյեկտը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդն Հոթել» հյուրանոցի նորակառույց շենքն էր. հյուրանոցը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա ամիսներին:

Ստեփանակերտից խումբը մեկնեց ՀՀ Լոռու մարզ՝ Թեղուտ գյուղի հարակից տարածքում կառուցվող լեռնահանքային համալիր: Շրջայցի մասնակիցները Վալերի Մեջլումյանի և «Թեղուտ» ՓԲ ընկերության այլ ղեկավարների ուղեկցությամբ եղան կառուցվող ֆաբրիկայի, պոչային և թափոնային տնտեսությունների, բացահանքի և այլ օբյեկտների տարածքներում: Համալիրի տարածքներով շրջելուց հետո «Թեղուտ» ՓԲ ընկերության վարչական շենքում կազմակերպվեց Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին նվիրված քննարկում, որի շրջանակներում ներկայացվեց ծրագրի նշանակությունը Հայաստանի տնտեսական կյանքում, պատասխանվեց շրջայցի մասնակիցների հարցերին: