Կայքի հին տարբերակը
Գիտագործնական համաժողով բնապահպանության խնդիրներով (18.09.2010)

«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը ս.թ. սեպտեմբերի 17-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում մասնակցեց բնապահպանական խնդիրներին նվիրված գիտագործնական համաժողովին:

Գագիկ Արզումանյանի զեկուցումը նվիրված էր Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացում հնարավոր բնապահպանական խնդիրներին և դրանց լուծման հիմնական ուղիներին: Նախ ընդհանրական բնութագրերով ներկայացվեց հանքավայրի շահագործման ծրագիրը: Խոսելով դեռևս խորհրդային տարիներին իրականացված երկրաբանահետա­խուզական աշխատանքների և «Վալլեքս» խմբի ընկերությունների միջոցներով իրականացված լրահետախուզման արդյունքների մասին` Գագիկ Արզումանյանը նշեց, որ Թեղուտի հանքավայրն իր պաշարների ծավալի տեսանկյունից երկրորդ խոշորագույն հանքավայրն է Հայաստանում` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո. Հայաստանում պղնձի (մոլիբդենի) հայտնի պաշարները կազմում են մոտ 7 մլն (800.000) տոննա, որից 4.5 մլն (600.000) տոննան Քաջարանի հանքավայրում է, 1.5 մլն (100.000) տոննան` Թեղուտի հանքավայրում և մնացած 1 մլն (100.000) տոննան` Հայաստանի տասը այլ մետաղական հանքավայրերում: Թեղուտում երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1972 թվականին և տևել են շուրջ երկու տասնամյակ: Պաշարները հաստատվել են 1991 թվականին` Խորհրդային միության պաշարների պետական հանձնաժողովի որոշմամբ: Դրան հաջորդել է Խորհրդային Միության փլուզումը, այլապես կարելի էր ենթադրել, որ Թեղուտի հանքավայրն այսօր կլիներ այնպիսի կարգավիճակում, ինչպիսի կարգավիճակում է այսօր Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը:

Անդրադառնալով Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի տնտեսական ցուցանիշներին` Գագիկ Արզումանյանը նշեց, որ դրանով նախատեսվում է տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանում և վերամշակում, որի արդյունքում հնարավոր կլինի արտադրել մոտ 25.000 տոննա պղինձ և 800 տոննա մոլիբդեն խտանյութերում: Դա կկրկնապատկի պղնձի և մոտ 20 տոկոսով կավելացնի մոլիբդենի արտադրության ծավալները Հայաստանում: Ծրագիրը ենթադրում է մոտ 320 մլն ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում և խոշորագույն արդյունաբերական ծրագիրն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Նախատեսվում է, որ շինարարության փուլում կստեղծվի 1700-2000, իսկ շահագործման ընթացքում` մոտ 1.500 աշխատատեղ: Հաշվի առնելով այն, որ գիտաժողովի առանցքում բնապահպանական խնդրակարգն էր' Գագիկ Արզումանյանն առավել հանգամանալից խոսեց Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի բնապահպանական տեսանկյունների մասին: Նա մասնավորապես նշեց, որ ինչպես և ցանկացած այլ տնտեսական գործունեություն, հանքարդյունաբերությունը ենթադրում է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Այս առումով Գագիկ Արզումանյանն առաջնահերթ կարևորեց սոցիալ-տնտեսական և բնապահպանական խնդիրների հավասարակշռումը` նշելով, որ հանքարդյունաբերությունը զգալի տեսակարար կշիռ ունի նաև այնպիսի պետությունների տնտեսություններում, որոնք կարելի է համարել օրինակելի ոչ միայն տնտեսական զարգացման, այլև` շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքի տեսանկյունից: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի հետ կապված բնապահպանական մտահոգությունների պատճառը, ինչպես նշեց Գագիկ Արզումանյանը, այն է, որ անկախությունից հետո Հայաստանում պատշաճ մակարդակի վրա չեն եղել բնապահպանական խնդիրները և որոշ տնտեսվարողներ, գուցե իրենց նեղ շահերից ելնելով, օգտվել են այդ հանգամանքից և բավարար ուշադրություն չեն դարձրել բնապահպանական խնդիրներին: Սակայն Գագիկ Արզումանյանը մատնանշեց նաև դրական փորձի օրինակ` ի դեմս Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը շահագործող «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերության, որի գործունեությունը բնապահպանական տեսանկյունից բարձր են գնահատել մի շարք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրա հավաստմամբ` Թեղուտում լինելու է բնապահպանական տեսանկյունից նույնքան օրինակելի արտադրություն:

Շրջակա միջավայրի վրա Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հնարավոր ազդեցությունները Գագիկ Արզումանյանը դասակարգեց` առանձնացնելով երեք հիմնական բաղադրիչ` ազդեցություն շրջակա կենդանական և բուսական աշխարհի վրա, ազդեցություն մթնոլորտային օդի վրա և ազդեցություն ջրային ռեսուրսների վրա:

Շրջակա բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցության առումով հիմնական խնդիրը ծրագրի իրականացման համար անհրաժեշտ անտառահատումներն են, որոնց ծավալը, ինչպես նշեց բանախոսը, ծրագրի իրականացման ողջ ժամանակահատվածում կազմելու է 357 հա: Չնայած այն բանին, որ օրինական հատումների դեպքում Հայաստանի օրենսդրությամբ, ցավոք, նման բան չի պահանջվում, «Վալլեքս» խմբի ընկերությունները հանդես են եկել փոխհատուցող միջոցառումների իրականացման նախաձեռնությամբ, որը, բնականաբար, պաշտպանվել է ՀՀ կառավարության կողմից: Փոխհատուցման միջոցառումների ծրագիրը նախատեսում է հատումներին զուգընթաց անտառապատման աշխատանքների իրականացում` հատվածի կրկնակի գումարային մակերեսով տարածքներում: Ընդ որում, ինչպես նշեց Գագիկ Արզումանյանը, ծրագիրը նախատեսում է ոչ միայն ծառատունկ, այլև անհրաժեշտ խնամքի աշխատանքներ, և ընկերությունն իր պարտավորությունը կատարած կհամարի միայն այն պարագայում, երբ այդ տարածքներն անտառի կատեգորիա տեղափոխելու համար բավարար պայմաններ կապահովվեն: Կենդանական աշխարհի վրա էական բացասական ազդեցությունից հնարավոր կլինի խուսափել խոշոր կենդանիների մասով: Ցավոք, կան միջատների տեսակներ, որոնք կվնասվեն, սակայն դա այն գինն է, որը մենք վճարելու ենք հանքավայրի շահագործման օգուտները քաղելու համար:

Մթնոլորտային օդի վրա ազդեցությունը սահմանափակվելու է սանիտարական գոտու տարածքով: Ընկերության ստանձնած բնապահպանական պարտավորություններով նախատեսվում է նաև ջրցան մեքենաների միջոցով պարբերաբար ջրցանի իրականացում, որպեսզի փոշու արտանետումները չգերազանցեն թույլատրելի սահմանաքանակները: Այս տեսանկյունից Թեղուտի ծրագրի և «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից շահագործվող Ալավերդու պղնձաձուլարանի համադրությունը Գագիկ Արզումանյանն անթույլատրելի համարեց` նշելով, որ ձուլարանը և հանքահարստացուցիչ կոմբինատը բացարձակապես տարբեր գործունեության տեսակներ են, և Թեղուտում չի նախատեսվում որևէ ձուլարանի աշխատանք:

Անդրադառնալով ջրային ռեսուրսների վրա անցանկալի ազդեցության հետ կապված մտահոգություններին` Գագիկ Արզումանյանը նշեց, որ Թեղուտը լինելու է Հայաստանում գործող առաջին հանքարդյունաբերական ձեռնարկությունը, որտեղ լինելու է արտադրական ջրերի լիովին փակ շրջանառության համակարգ, ինչը նշանակում է, որ շրջակա ջրային միջավայր արտադրական ջրերի որևէ արտահոսք չի լինելու: Տարեկան 7 մլն տոննա հանքաքարի վերամշակման համար անհրաժեշտ շուրջ 21 մլն տոննա ջրի` բնական ճանապարհով գոլորշիացման պատճառով պակասող մոտ 30 տոկոսն է միայն լրացվելու Դեբեդ գետի ջրերից: Նա նաև հավաստեց, որ որևէ այլ գետի ջրեր արտադրական նպատակներով չեն օգտագործվելու:

Զեկուցումից հետո ծավալվեց քննարկում լսարանի հետ և հարցուպատասխան:

Առաջին հարցը վերաբերում էր հանքավայրի շրջակայքի այգիներին:

Հարցը բաժանելով երկու բաղադրիչների` Գագիկ Արզումանյանը պատասխանեց, որ հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներից և հատկացված սանիտարական գոտուց դուրս գտնվող այգիների և այլ հողատարածքների վրա ազդեցությունները նախագծային լուծումներով բացառվում են: Անդրադառնալով այն հողամասերին, որոնք հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում են, Գագիկ Արզումանյանը նշեց, որ դրանց շարքում եղել են գյուղատնտեսական հողատեսքեր, որոնք պատկանել են ֆիզիկական անձանց, և ընկերությունը ստիպված է եղել դրանք ձեռք բերել: Դրանց մի մասը ձեռք է բերվել ազատ առևտրային սկզբունքներով: Այն դեպքերում, երբ նախկին սեփականատերը չի ցանկացել վաճառել իր գույքը, հարցը լուծվել է ՀՀ սահմանադրության հիման վրա ընդունված օրենքով նախատեսված կարգով, ըստ որի, եթե ՀՀ կառավարությունը որևէ ծրագիր համարում է հանրային գերակա շահ, ապա հնարավոր է ֆիզիկական անձին, քաղաքացուն պատկանող սեփականության օտարում` համարժեք փոխհատուցմամբ: Ըստ օրենքի, համարժեք փոխհատուցումը տվյալ գույքի շուկայական արժեքն է` գումարած դրա 15 տոկոսը: Դրանից ելնելով` ընկերությունը պատվիրել է բոլոր այն գույքային միավորների անկախ գնահատում, որոնց հետ կապված կամավորության հիմունքներով առևտրային գործարք չի կայացել, և ստացված արդյունքների հիման վրա բոլոր սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել է շուկայական գին` գումարած 15 տոկոս: Բոլոր այն դեպքերում, երբ այդ հողամասերի վրա եղել են կառույցներ, ընկերությունը պատրաստ է եղել փոխհատուցել նաև դրանց շուկայական արժեքը` անտեսելով նույնիսկ այն հանգամանքը, որ այդ կառույցներն ապօրինի են, և դրանց համար օրենքով փոխհատուցում չի նախատեսվում: Սեփականատերերի մի մասը հրաժարվել է: Բոլոր այն դեպքերում, երբ որևէ սեփականատեր նման իրավիճակում հրաժարվում է օտարել իր գույքը, օրենքով նախատեսվում է գնահատված շուկայական արժեքի` դատական կարգով վիճարկման հնարավորություն: Եղել են սեփականատերեր, որոնք օգտվել են այդ հնարավորությունից: Գագիկ Արզումանյանն ընդգծեց, որ մի քանի տասնյակ դատական գործերի ընթացքում որևէ դեպք չի եղել, որ ներկայացվի այլընտրանքային գնահատում, որը թեկուզ մեկ տոկոսով բարձր գին ցույց կտա օտարվող գույքային միավորի համար, քան ընկերության կողմից առաջարկվողն է: «Վալլեքս» խմբի ընկերություններն այս հարցում նույնիսկ արել են ավելին, քան պահանջվում է օրենքով: Այն դեպքերում, երբ գյուղացին չի ցանկացել հողամասն օտարելու պատճառով զրկվել գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորությունից, նրանց առաջարկվել է օտարվող հողամասից ոչ ավելի վատ տեղում գտնվող, ավելի մեծ մակերեսով հողամասի հետ փոխանակման տարբերակ: Որոշ գյուղացիներ օգտվել են այդ հնարավորությունից: Եղել են դեպքեր, որ գյուղացիները ցանկություն են հայտնել շարունակելու գործունեությունը հենց այն տարածքներում, որ նախկինում պատկանել են իրենց` հաշվի առնելով այն, որ ընկերությունը դեռևս այդ տարածքներում գործունեություն չի սկսել: Գագիկ Արզումանյանը հավաստեց, որ բոլոր նման դեպքերում գյուղացիներին անհատույց տրվել է այդ հնարավորությունը, այսինքն` գյուղացին որպես իր գույքի դիմաց փոխհատուցում ստացել է դրա շուկայական արժեքը 15 տոկոսով գերազանցող գումարը և շարունակում է` այս պահին դեռևս անորոշ ժամկետով օգտագործել այն:

Գագիկ Արզումանյանն անդրադարձավ նաև այն դեպքերին, երբ փորձ է արվել ընկերությանը մեղադրել օտարվող հողերի համար դրանց իրական գնից ավելի ցածր գնի հիման վրա փոխհատուցման չափը հաշվարկելու մեջ: Այս դեպքերում բնական է ակնկալել, որ նման մեղադրանքն առնվազն փորձ կարվի հիմնավորել այլընտրանքային գնահատման արդյունքներով: Սակայն այդպիսի գնահատման արդյունքների վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, ինչը հաճախ փորձել են արդարացնել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությամբ: Ինչպես նշեց Գագիկ Արզումանյանը, ընկերությունը պաշտոնապես առաջարկել է, որ համայնքն այդ նպատակով ստեղծի հիմնադրամ, որին ընկերությունը պատրաստ է բացարձակապես անհատույց, առանց որևէ այլ ակնկալիքի փոխանցել ցանկացած գյուղացու ցանկացած գույքի այլընտրանքային գնահատման համար անհրաժեշտ ամբողջ գումարը, որպեսզի համայնքն այդ գումարն օգտագործի տվյալ հողամասի այլընտրանքային գնահատում իրականացնելու համար: Որևէ գյուղացի չի օգտվել այդ հնարավորությունից: Պատճառը պարզ է. բոլորն էլ գիտեին, որ ցանկացած այլընտրանքային գնահատում բացահայտելու է, որ ընկերության առաջարկած շուկայական արժեքն իրականում ցածր չէ:

Հնչած մեկ այլ հարց վերաբերում էր «հսկայական» անտառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման և էկոհամակարգերի վերացման դիմաց հայ ժողովրդի ակնկալած օգուտներին:

Գագիկ Արզումանյանը նախ անդրադարձավ անտառահատումների ծավալի «հսկայական» որակմանը, նշելով, որ այդ ծավալների գնահատականն առավել համարժեք կլինի, եթե դիտարկենք Հայաստանում իրականացվող այլ հատումների հետ համեմատության համատեքստում: Վկայակոչելով բնապահպանական կազմակերպությունների գնահատական­նե­րը, Գագիկ Արզումանյանը նշեց, որ ըստ նրանց, Հայաստանում տարեկան ապօրինի հատվող անտառի մակերսը կազմում է շուրջ 4.000 հա, այն դեպքում, երբ Թեղուտում տարեկան հատվելու է առավելագույնը 20 հա անտառ: Յուրաքանչյուր տարի ապօրինի հատվող 4000 հա անտառի վրա փայտանյութի ծավալը, ինչպես նշեց Գագիկ Արզումանյանը` վկայակոչելով նույն բնապահպանական կազմակերպությունների տվյալները, կազմում է շուրջ 500.000 խորանարդ մետր, այն դեպքում, երբ Թեղուտում հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածում (շուրջ 70 տարի) հատվելու է մոտ 57.000 խորանարդ մետր, այսինքն` տարեկան շուրջ 2.000-3.000 խորանարդ մետր: Ապօրինի հատումների դեպքում երկիրը որևէ փոխհատուցում չի ստանում, մինչդեռ Թեղուտի ծրագրի պարագայում` ինչպես արդեն նշվեց, ընկերությունը կրկնակի ծավալով անտառվերականգնման միջոցառումներ է իրականացնում:

Անդրադառնալով Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում ակնկալվող օգուտներին` Գագիկ Արզումանյանը նախ խոսեց Հայաստանի տնտեսությունում հանքարդյունաբերության տեղի մասին` նշելով, որ այսօր արդեն այն ամենամեծ տեսակարար կշիռն ունի իրական հատվածում և լսարանին թողնելով եզրակացությունն առ այն, թե ինչ կնշանակի Հայաստանի տնտեսության համար Թեղուտի հանքավայրի շահագործման շնորհիվ 3-4 տարի հետո պղնձի արտադրության ծավալների կրկնապատկումը և մոլիբդենի, որը Հայաստանից արտահանման ամենաթանկարժեք ատրիբուտն է, արտադրության ծավալների ավելացումը շուրջ 20 տոկոսով: Գագիկ Արզումանյանի համոզմամբ` Հայաստանի տնտեսության առավել ծանր խնդիրներից մեկն առևտրային հաշվեկշռի դեֆիցիտն է: Բնականաբար` այդ խնդրի լուծման ճանապարհն արտահանման ավելացումն է: Հանքարդյունաբերության ոլորտը միակը չէ, և եթե կան այլընտրանքային ծրագրեր, ապա դրանց ևս պետք է ըստ ամենայնի աջակցել, խրախուսել: Սակայն, բնականաբար, պետք է իրականացվի նաև այն հանքարդյունաբերական ծրագիրը, որը, նվազագույնի հասցնելով հնարավոր բնապահպանական վնասները, թույլ է տալիս էապես բարելավել Հայաստանի մրցունակությունը: Հարցը կոնկրետացնելով Լոռու մարզի նկատմամբ` Գագիկ Արզումանյանը նշեց, որ մարզի համախառն արտադրանքում լեռնահանքային ոլորտի տեսակարար կշիռը գերազանցում է 90 տոկոսը, որի շուրջ 70 տոկոսային կետը բաժին է ընկնում Ալավերդու պղնձաձուլական գործարանին: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը կկրկնապատկի Լոռու մարզի արդյունաբերական ներուժը: Խոսելով այն օգուտների մասին, որ կքաղեն ծրագրի իրականացման շնորհիվ հենց Թեղուտ և Շնող համայնքները` Գագիկ Արզումանյանը նախ անդրադարձավ այն վիճակին, որում հայտնվել էին այդ համայնքները ոչ վաղ անցյալում: Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` Թեղուտ և Շնող համայնքներից արտագաղթը կազմել է 52 տոկոս, ցավոք, իրականությունը կարող է նույնիսկ ավելի անմխիթար լինել, քան պաշտոնական վիճակագրությամբ ներկայացվածը: Անկախությունից ի վեր Թեղուտի դպրոցում յուրաքանչյուր տարի նվազել է առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը: Այս տարի առաջին անգամ ունենք ավելացում: Թեղուտում վերջին տասնամյակի ընթացքում յուրաքանչյուր տարի պարբերաբար շուրջ 85 ընտանիքից տղամարդիկ արտագաղթել են արտագնա աշխատանքի: Այս տարի վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ նրանցից 82-ն իրենց ընտանիքներում են անցկացրել ամառը: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը դեռևս ամբողջ թափով չի իրականացվում, այս պահին այնտեղ աշխատում են շուրջ 500 հոգի, որից 150 հոգի` Թեղուտ, 150 հոգի` Շնող համայնքներից: Թեղուտ և Շնող համայնքների աշխատունակ բնակչության թիվը կազմում է ընդամենը 700 հոգի: Թեղուտի հանքավայրի շահագործման պարագայում այնտեղ ընկերությունն ունենալու է մոտ 1.500 աշխատատեղ: Հայաստանի երկու սահմանամերձ համայնքներում, որոնք դատարկման եզրին էին հայտնվել, փաստորեն ամբողջությամբ լուծվելու է զբաղվածության խնդիրը:

Գագիկ Արզումանյանի ելույթից հետո գիտաժողովի կազմակերպիչները և բուհի ղեկավարության այլ ներկայացուցիչներ իրենց խոսքում բազմիցս անդրադարձան նրա ասածներին` բարձր գնահատելով նման հանդիպումների նշանակությունը ուսանողների մասնագիտական կայացման գործընթացում:

Արձագանքներ ԶԼՄ-ներում