Լաբորատորիան կատարում է ոսկի պարունակող, պղնձի, պղինձ-մոլիբդենային, բազմամետաղային և երկաթի հանքաքարերի հետազոտման հետ կապված աշխատանքներ: Լաբորատորիայում նաև իրականացվում են հանքաքարերի կազմի որոշման, հարստանալիության և հանքաքարերի ու դրանց հարստացման արգասիքների վերամշակման օպտիմալ տեխնոլոգիական սխեմաների մշակմանն ուղղված աշխատանքներ: Հետազոտությունների ժամանակ օգտագործվում են համապատասխան լաբորատոր սարքավորումներ, որոնց թվում են` այտային և գրտնակավոր ջարդիչներ, թաց և չոր մանրացման գնդաղացներ, կենտրոնախույս կոնցենտրատոր, կոնցենտրացիոն սեղաններ, ֆլոտոմեքենաներ: Լաբորատորիան ունի ժամում մինչև 100 կգ հանքաքարի նմուշների հարստացման հնարավորությամբ անընդհատ գործողության կիսաարդյունաբերական կայան (գնդաղացներ, դասակարգիչ, հիմնական և ստուգողական ֆլոտացման խցիկներ, շոգեարտադրիչ, հպումային և խառնման գուռեր, ազդանյութերի սնուցիչներ, խտանյութի և պոչերի թանձրարար):

Լաբորատորիայում նաև կատարվում են հանքաքարի թթվային լուծազատման և ցիանալիության հետազոտություններ: Հետազոտությունների համար օգտագործվում են շշային խառնիչներ, լուծակորզիչներ, գուռային խառնիչներ և այլն:

Կատարված աշխատանքներ

Հանքահարստացման և ազնիվ մետաղների մետալուրգիայի լաբորատորիան կատարել է հետևյալ հիմնական աշխատանքները`

Հանքավայրերի պաշարների հաշվարկման և դրանց շահագործման համար մշակվել են ոսկի պարունակող, պղինձ-մոլիբդենային, երկաթի և բազմամետաղային հանքաքարերի հարստացման հետևյալ տեխնոլոգիական սխեմաները`

• Սոտքի օքսիդացած, սուլֆիդային և խառը հանքաքարերի
• Սոտքի գաբրոիդալ զանգվածի հանքաքարերի
• Մեղրաձորի հանքավայրի հանքաքարերի
• Լուսաջուրի տեղամասի հանքաքարերի
• Ազատեկի բազմամետաղային հանքավայրի հանքաքարերի
• Շահումյանի բազմամետաղային հանքավայրի հանքաքարերի
• Լիճքվազ-Թեյի հանքավայրի հանքաքարերի
• Տերտերասարի հանքավայրի հանքաքարերի
• Մարցիգետի հանքավայրի հանքաքարերի
• Բարձրադիրի երևակման հանքաքարերի
• Մարջանի հանքավայրի հանքաքարերի
• Արմանիսի հանքավայրի բազմամետաղային հանքաքարերի
• Քարաբերդի հանքավայրի հանքաքարերի
• Մուժիևսկոյե հանքավայրի բազմամետաղային հանքաքարերի (Ուկրաինա)
• Շամլուղի հանքավայրի պղնձի հանքաքարերի
• Ախթալայի հանքավայրի բազմամետաղային հանքաքարերի
• Հրազդանի, Կապուտանի և Սվարանցի հանքավայրերի երկաթի հանքաքարերի
• Քաջարանի հանքավայրի պղինձ-մոլիբդենային հանքաքարերի
• Ագարակի հանքավայրի պղինձ-մոլիբդենային հանքաքարերի
• Դաստակերտի հանքավայրի պղինձ-մոլիբդենային հանքաքարերի
• Թեղուտի հանքավայրի պղինձ-մոլիբդենային հանքաքարերի:

Գործունեության ընթացքում լաբորատորիան ստացել է ավելի քան 30 արտոնագրեր հետևյալ բնագավառներում`

• հանքաքարերի մանրացման
• հանքաքարերի ֆլոտացիոն հարստացման
• ցիանավորման գործընթացի կոնստրուկտիվ ձևակերպման
• հանքաքարերից ոսկու կորզման
• գունավոր մետաղների հանքաքարերի հարստացման
• հանքաքարերի ֆլոտացիայի գործընթացի կոնստրուկտիվ ձևակերպման
• հանքաքարերի ֆլոտացիայի ժամանակ նոր ռեագենտների կիրառման և դրանց զուգակցման
• իոնափոխանակիչ խեժերի և ակտիվացված ածուխների ռեգեներացման, ցիանիդներից վնասազերծման: