«Sputnik Արմենիա»-ի հարցերին պատասխանում է «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Սահակ Կարապետյանը

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքի կառավարումը ընկերությունների «Վալլեքս» խմբից անցել է ՎՏԲ բանկին։ Սակայն նոր ղեկավարները անց չեն կացնում արտադրական տեխնիկայի ընդունում: Իսկ դրանից մեծապես կախված է աշխատանքի վերսկսումը, հայտարարում է «Վալլեքսը»։

Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատը 2018 թվականի հունվարի 12-ից չի աշխատում։ Ինչպե՞ս այն վերագործարկել։ Դրա համար պետք է պատասխանել հարցին․ իսկ որքա՞ն գույք է այնտեղ մնացել։

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման իրավունքներ ունեցող «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերի նկատմամբ իրավունքները սեպտեմբերին «Վալլեքս» խմբի ընկերություններից անցան ՎՏԲ բանկին (հանրային բաժնետիրական ընկերություն)։ Բաժնետոմսերի անմիջական սեփականատեր դարձավ բանկի դուստր ընկերությունը, որը որոշեց փոխել «Թեղուտ» ՓԲԸ տնօրենների խորհրդի գործող կազմը, այդուհետ նաև փոխեց գործադիր մարմնի ղեկավարին՝ ընկերության գլխավոր տնօրենին։ Այդ ամենը կատարվել է առանց նախապես ծանուցման։

«Թեղուտ» ՓԲԸ նախկին գխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի խոսքով՝ «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ վերոնշյալ որոշման մասին Տնօրենների խորհրդի անդամները և գլխավոր տնօրենն իմացել են միայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում համապատասխան գրանցումից հետո։

«Մի շարք հարցեր ինձ մոտ ծագեցին աշխատանքից ազատման ծանուցման բացակայության հետ կապված։ Սակայն հիմա հարցը նույնիսկ դա չէ։ Դուրս գալիս, գործերի և փաստաթղթերի հանձնման փուլում, ես պահանջեցի իրականացնել ընկերության բոլոր ակտիվների և պարտավորությունների ամբողջական գույքագրում՝ ներգրավելով արտաքին կազմակերպություններ և մասնագետներ, ամրագրելով ամբողջ տնտեսության փաստացի վիճակը և գործառնական աշխատունակությունը (առավել կոնկրետ՝ ֆաբրիկայի և այլ ենթակառուցվածքային օբյեկտների սարքավորանք և ագրեգատներ, բացահանքային և ընդհանուր կոմբինատային տեխնիկա, պահեստներում պահպանվող գույք և այլն) և կազմել գույքի հանձնման-ընդունման համապատասխան արձանագրություններ։ Տեղեկատվության լրիվության համար հարկ է նշել, որ իմ ազատման պահին «Թեղուտ» ՓԲԸ պահեստներում պահվող պահեստամասերի, շրջանառու նյութական միջոցների և պատրաստի արտադրանքի համախառն արժեքը կազմում էր ավելի քան 32 միլիոն ԱՄՆ դոլար։ Խորապես ափսոսում եմ, որ նոր գլխավոր տնօրենն անտեսեց վերոնշյալ գույքագրումն անցկացնելու վերաբերյալ խնդրանքով իմ բոլոր դիմումներն ու էլեկտրոնային նամակները։ Իմ տեղեկություններով՝ ցայսօր որևէ գույքագրում չի իրականացվել», – ասում է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Ֆաբրիկայի և օժանդակ ենթակառուցվածքային օբյեկտների բոլոր սարքավորումներն ու ագրեգատները խնամքի և պլանային սպասարկման կարիք ունեն։  Բացահանքային ամբողջ տեխնիկան (էքսկավատորներ, ինքնաթափեր, բեռնիչներ ու օժանդակ փոխադրամիջոցներ և այլն), իսկ այդպիսիք «Թեղուտ» ՓԲԸ-ն ունի տասնյակներով, պահանջում են մշտական ուշադրություն և ընթացիկ սպասարկում նույնիսկ այն դեպքում, երբ փաստացի չեն շահագործվում․ այդպիսին են արտադրողների ցուցումները, ընդգծեց Կարապետյանը։

Նախկին գլխավոր տնօրենը նաև նշեց, որ հակառակ դեպքում տեխնիկան կարող է կորցնել աշխատունակությունը։ Դա հատկապես կարևոր է ձմեռային եղանակին, քանի որ եղանակային պայմաններից կախված, կտրուկ մեծանում են սպասարկող անձնակազմի ոչ ժամանակին կամ սխալ գործողությունների հետևանքով գույքի վնասման վտանգները։

«Այսօրվա դրությամբ ես որևէ օբյեկտիվ տեղեկատվություն չունեմ կոմբինատի սարքավորումների և (կամ) տեխնիկայի վիճակի մասին։ Ըստ տարբեր ասեկոսեների՝ ձմռան շեմին նոր ղեկավարությունը չի ապահովել բոլոր անհրաժեշտ նախապատրաստական գործողությունների կատարումը, ինչն անկասկած կարող է բերել բացասական հետևանքների, որոնք տեսանելի կլինեն միայն արտադրական ցիկլի գործարկման փուլում։ Համաձայնե՛ք, որ կոմբինատի կառավարումը ստանձնելու պատրաստ հնարավոր ներդրողների համար, լինի «Վալլեքսը», թե որևէ այլ մեկը, դա այնքան էլ լավ «ժառանգություն» չէ», – ավելացրեց նա։

Դա նույնն է, որ գնես տուն՝ չիմանալով կենցաղային տեխնիկան աշխատո՞ւմ է, թե ոչ, կամ՝ չի՞ կաթում արդյոք տանիքը, նշեց Կարապետյանը։

«Իհարկե, դա կարևոր է նաև իմ հեղինակության համար։ Սակայն, ինչպես տեսնում եք, դա զուտ անձնական հարց չէ, այլ կոմբինատի աշխատանքի հարցն է», – ընդգծեց նախկին գլխավոր տնօրենը։

Նշենք, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատում ընդհանուր ներդրումները շինարարության փուլում հասել են մոտ 352 միլիոն դոլարի։ Դրանից շուրջ 308 միլիոն դոլարը ՎՏԲ խմբի բանկերից «Թեղուտ» ՓԲԸ ներգրաված վարկերն են, ևս 44 միլիոն՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական միջոցներն են։ 2018 թվականի օգոստոսի վերջի դրությամբ «Թեղուտ» ՓԲԸ-ն վարկի սպասարկման ուղղությամբ վճարել է մոտ 110 միլիոն դոլար։ Այդուհետ «Թեղուտ» ՓԲԸ  բաժնետոմսերը «Վալլեքսից» անցան ՎՏԲ-ին։

Մեկ տարուց մի փոքր ավելի առաջ՝ 2018 թվականի հունվարի սկզբին, «Թեղուտ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրեց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքի և կոմբինատի շահագործումը։ Պատճառը պոչամբարի պատվարի կայունության հետ կապված վտանգների մասին նախնական տեղեկություններն էին, արտասահմանյան մասնագիտացված ընկերությունների հետազոտությունների համաձայն։ Ավելի ուշ այդ նախնական տեղեկությունները հաստատվեցին ներգրավված խորհրդատուների եզրակացություններով։ Ստացված տվյալների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ-ն դժվար որոշում ընդունեց հանքաքարի արդյունահանումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այդուհետ ընկերությունը սկսեց մշակել անհրաժեշտ միջոցառումներ պոչամբարի պատվարի կայունության և հուսալիության ավելացման ուղղությամբ՝ նույնպես ներգրավելով արտաքին խորհրդատուներ։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ոչ այնքան անվտանգ սեյսմիկ գոտում է՝ տասնյակ միլիոնավոր տոննաների հասնող բոլոր կառույցները պետք է, ինչպես ասում են, 150%-ով անտանգ լինեն։

Սակայն այդ ամբողջ ընթացքում կոմբինատը հարկադրված էր չաշխատել։ Դրա հետևանքով բանկային վարկերի սպասարկման գործում դժվարություններ եղան։ Դա առաջացրեց մի շարք հարցեր և խնդիրներ, որոնք «Վալլեքսն» ու ՎՏԲ-ն պարզում են տարբեր դատարաններում, այդ թվում՝ Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում։

«Չեմ կարող մեկնաբանել դատաքննությունների մանրամասները, քանի որ դա հակասում է դատական էթիկայի նորմերին։ Կարող եմ միայն հավաստիացնել, որ այդ տարաձայնությունները ոչ մի կերպ չեն խոչընդոտում կոմբինատի հնարավոր գործարկումը և հետագա գործունեությունը», – նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ մինչև արտադրության վերագործարկումը «Թեղուտ» ՓԲԸ-ն և նրա ներկա ղեկավարությունը պետք է ապահովեն պոչամբարի պատվարի վրա վերանորոգման-վերականգնման և շինարարական-ամրացման աշխատանքների իրականացումը՝ սեյսմիկ գոտիականության և Հայաստանի օրենսդրության բոլոր պահանջների հաշվառմամբ։

«Ներկայում մենք տեղեկություն չունենք այն մասին, որ ընկերությունը ձեռնարկել է կոմբինատի գործարկման պարտադիր նախապայման հանդիսացող վերոհիշյալ խնդիրների լուծումը։ Մինչդեռ որոշ ուժեր, հետապնդելով մեզ ոչ այնքան հասկանալի նպատակներ և խնդիրներ, նենգափոխված են մեկնաբանում իրավիճակն ու փաստերը։ Տարածվում են բամբասանքներ, իբր մենք միտումնավոր սկսել ենք դատական-արբիտրաժային քննություններ, որպեսզի թույլ չտանք կոմբինատի գործարկումը։ Դրան շատ պարզ կպատասխանեմ․ ընկերությունների «Վալլեքս» խումբը և նրա առանձին անդամները չեն դիմել դատարան և չեն ներկայացրել գույքային պահանջներ «Թեղուտ» ՓԲԸ-ին։ «Վալլեքս» խմբի առանձին ընկերություններ տարբեր դատական-արբիտրաժային վեճերի կողմեր են և հանդես են գալիս ընդդեմ ՎՏԲ-ի՝ փորձելով բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանել իրենց իրավունքները և օրինական շահերը։ Դա որպես «սաբոտաժ» և «գործարկման խոչընդոտում» ներկայացնելը հանրության մոլորեցմանն ուղղված գործողություններ են»,- ընդգծում է Կարապետյանը։

Ընկերությունների «Վալլեքս» խումբը ոչ մի կերպ չի խոչընդոտում Թեղուտի կոմբինատի գործարկումը, նշեց նախկին գլխավոր տնօրենը։ Նա հույս հայտնեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկա ղեկավարությունը կկարողանա ապահովել կոմբինատի գործարկման և հետագա անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր շինարարական-ամրացման աշխատանքների անհապաղ իրականացումը։

Հիշեցնենք, որ ներկայում չի աշխատում նաև պղնձաձուլական գործարանը՝ Ալավերդու քաղաքաստեղծ ձեռնարկությունը։

https://ru.armeniasputnik.am/columnists/20181214/16259322/skazhut-my-vodu-mutim-kak-medeplavilnyj-zavod-v-alaverdi-okazalsya-na-grani-splava.html

Այդ գործարանը ևս մտնում է «Վալլեքս» խմբի մեջ»։ Աշխատողներին այստեղ առայժմ չեն ազատել աշխատանքից և կառավարության հետ բանակցություններ են վարում աշխատանքի վերսկսման շուրջ։ Թե՛ գործարանի, թե՛ հանքի շուրջ բանակցություններն այնքան էլ հեշտ չեն։ Եվ եթե խոսակցությունն այստեղ ավելորդ «թեժ» լինի, ապա իրական կյանքում գործարանի վառարանները կարող են սառը մնալ՝ իրենց բոլոր հետևանքներով գործարանի և հանքի աշխատող հանդիսացող հազարավոր մարդկանց համար։

Արամ Գարեգինյան

Աղբյուր՝ https://ru.armeniasputnik.am/economy/20190123/16916826/imushchestvo-krupnogo-gornorudnogo-kombinata-armenii-zatumanilos.html