2012 թ. դեկտեմբերի 26-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային մարզաառողջարանային համալիրում «Վալլեքս» խմբի Հայաստանի Հանրապետությունում, Արցախի հանրապետությունում և Ռուսաստանի դաշնությունում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսույթ, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահը, վարչապետը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիսույթի ընթացքում ամփոփվեցին 2012 թ. ընթացքում «Վալլեքս» խմբի գործունեության հիմնական արդյունքները:

Ըստ նախնական տվյալների՝ 2012 թ. ընթացքում խմբի ընկերությունների գումարային ներդրումները Հայաստանում կազմում են շուրջ 80, Արցախում՝ շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար: 2012 թ. դեկտեմբերի դրությամբ խմբի ընկերություններում աշխա­տա­կից­նե­րի թիվը կազմում է շուրջ 4000 մարդ, որից շուրջ 3500-ը՝ Հայաստանում և Արցախում:

Խմբի ընկերությունների համար 2012 թ. նշանավորվեց խմբի արտադրական ծրագրերն իրականացնելու նպատակով կնքված, նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ ծավալներ ունեցող վարկային պայմանագրով և Ստեփանակերտում «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային մարզաառողջարանային համալիրի գործունեության մեկնարկով:

Ավանդույթի համաձայն՝ «Վալլեքս» խմբի շքանշաններով և դրամական պարգևներով պարգևատրվեցին տարվա ընթացքում մասնագիտական, աշխատանքային առաջադիմությամբ աչքի ընկած մի շարք աշխատողներ: