2022 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի, թիվ 32 շենքի պատին փակցվեց 1942-1983 թթ․ այդ տանը ապրած մեծանուն գիտնական, գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Կոնստանտին Նիկոլայի Պաֆենհոլցի (1893-1983թթ․) հիշատակին նվիրված հուշատախտակը։

ՀՀ երկրաբանների և լեռնային ինժեներների, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի, ՀՀ Լեռնագործների եւ մետալուրգների միության աջակցությամբ և «Վալլեքս» խմբի ընկերությունների «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ հովանավորությամբ հուշատախտակը տեղադրվեց մեծանուն գիտնականի 130 ամյակի նախաշեմին։ Հուշատախտակի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 29-ին։

Կոնստանտին Պաֆֆենհոլցը լուրջ ներդրում ունի մեր երկրում երկրաբանական ուսումնասիրությունների կազմակերպման, անցկացման, ապա դասակարգման գործում։ Շարունակելով Հայաստանի և Կովկասի երկրաբանական ուսումնասիրությունների հիմնադիրներ Աբիխի, Միլլերի, Մելնիկովի և Ուլիտի գործը, Հայաստանում և նրա հարևան հանրապետություններում շուրջ 35 տարի երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում կազմել է նաև Կովկասի և Հայաստանի երկրաբանական քարտեզը:

Պաֆֆենհոլցի աշխատությունները նվիրված են Կովկասի երկրաբանության ամենատարբեր պրոբլեմներին՝ շերտագրությանը, տեկտոնիկային, մագմատիզմին, հրաբխականությանը, սեյսմոլոգիային, հիդրոերկրաբանությանը, քարտեզահանմանը, օգտակար հանածոներին։ Պաֆֆենհոլցի աշխատություններում տրվում է Հայաստանի տեղը ալպիական ծալքավոր գոտում, արվում են ռեգիոնալ կարգի համեմատություններ Հայաստանի և Կովկասի կից մասերի, ինչպես նաև Երկրի Միջերկրածովյան գոտու կառուցվածքում գտնվող երկրների հետ։

1941-1946 թթ. մշակել է Հայաստանի և Անդրկովկասի երկրաբանական շերտագրությունը (ստրատիգրաֆիա), Հայաստանի տարածքում ամրագրել Յուրայի ժամանակաշրջանի բոլոր երեք բաժինների նստվածքների առկայությունը։ Պաֆֆենհոլցը բազմաթիվ քարտեզների հեղինակ է։ Նրա Կովկասի երկրաբանական քարտեզը, որպես երկրաբանական քարտեզագրության եզակի նմուշ, ցուցադրվել է Մեքսիկայում (1956) 20-րդ միջազգային երկրաբանական կոնգրեսում։