«Վալլեքս» խմբի ընկերությունները 2012 թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին հրավիրել էին մամլո ասուլիս, որը տեղի ունեցավ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով գրասենյակում: Ասուլիսի շրջանակներում «Վալլեքս» խմբի ղեկավարությունը ԶԼՄ ներ­կա­յա­ցուցիչներին ամփոփ ներկայացրեց խմբի ընկերությունների գործունեության արդյունքները, առաջիկա ծրագրերը և պատասխանեց նրանց կողմից տրվող հարցերին: Ստորև ներ­կա­յաց­նում ենք ասուլիսի մասնակիցներին տրամադրված հաղորդագրությունը:

«Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում իրենց գործունեությունը սկսել են շուրջ 15 տարի առաջ: Առաջին խոշոր ներդրմամբ վերականգնվեցին Ալավերդու պղնձաձուլական գոր­ծա­րա­նի որոշ արտադրական հզորություններ, և վերսկսվեց անզուտ պղնձի արտա­դրությու­նը Հայաստանում: Երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրն իրականացվեց Արցախում. կառուցվեց Դրմբոնի լեռնահանքային համալիրը, որը ստեղծման օրից դարձավ Արցախի տնտեսության առա­ջատարը: Ներկայումս ընթացքում է Թեղուտում լեռնահանքային համալիրի կառուցման ծրա­գիրը, որի ուղղությամբ արդեն իրականացվել է ավելի քան 130 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ ներդրումային փաթեթը գերազանցում է 320 մլն ԱՄՆ դոլարը:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2008-2009 թթ. որոշակիորեն վերանայվեցին ռազմավարական ծրագրերի ժամանակացույցերը, սակայն իրականացված հա­կաճգնաժամային միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պահպանել «Վալլեքս» խմբի համակարգային կառուցվածքն ու հետճգնաժամային փուլում աճ արձանագրել բոլոր էական ցուցանիշներով: 2011թ. արդյունքներով՝ «Վալլեքս» խմբում աշխատողների քանակը կազ­մել է 3050 մարդ  (2009 թ. եղել է 2240 մարդ), համախառն եկամուտը՝ 183 մլն ԱՄՆ դոլար (2009 թ. եղել է 105 մլն ԱՄՆ դոլար): 2008-2011 թթ. ժամանակահատվածում «Վալլեքս» խմբի ընկերու­թյունները Հայաստանում և Արցախում իրականացրել են շուրջ 165 մլն ԱՄՆ դոլար ընդ­հանուր ծա­վալով ներդրումներ: 2012 թ. առաջին երկու ամսում արդեն իրականացվել են ավելի քան 22 մլն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումներ:

Առաջիկա տարիներին «Վալլեքս» խմբի ընկերությունները ծրագրում են էականորեն ընդլայնել և զարգացնել տնտեսական գործունեությունը Հայաստանում և Արցախում: 2012 թ. «Վալլեքս» խմբի ներդրումներն Արցախում և Հայաստանում կգերազանցեն 150 մլն ԱՄՆ դոլարը, 2013 թ.՝ 115 մլն ԱՄՆ դոլարը: Պայմանավորված նոր արտադրահամալիրների կառուցման աշխատանքներով՝ 2012-2013 թթ. շեշտակիորեն կավելանա խմբի ընկերություններում աշխատողների քանակը: 2014 թ. «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կսկսի պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում իսկ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունն էականորեն կընդլայնի օգտակար հանածոների արդյունահանումը Արցախում: 2015 թվականին երկու ընկե­րու­թյուն­նե­րի լեռնահարստացուցիչ համալիրներն արդեն կգործեն նախագծային լիարժեք հզո­րու­թյուն­ներով: «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում և Արցախում միասին տարեկան կարդյու­­­նա­հա­նեն 10.25 մլն տոննա հանքաքար, կարտադրեն 155 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ 44 հազ. տոննա պղնձի ընդհանուր պարունակությամբ և ավելի քան 1.6 հազ. տոննա մոլիբդենի խտա­նյութ՝ ավելի քան 800 տոննա մոլիբդենի ընդհանուր պարունակությամբ: Խմբում հաս­տիքային աշխա­տողների քանակը 2015 թ. կգերազանցի 4000-ը, գումարային ներդրումների ծավալը Հայաստանի և Արցախի տնտեսություններում կկազմի շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար: