«Վալլեքս» խմբի ընկերությունները մասնակցեցին 2012 թ. մարտի 23-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մարտի 13-ի 212-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը (ղեկավար՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյան):

Քննարկմանը մասնակցում էին բնապահպանական հասարակական կազմակերպություն­նե­րի, պետական լիազոր մարմինների, հանքավայրի հարակից համայնքների, հանրային խորհրդի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում ցուցադրվեց հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից պատրաստված տեղեկատվական ֆիլմ, այդուհետ ելույթներով հանդես եկան և իրենց մտահոգող հարցերի մասին բարձրաձայնեցին Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, «Հայաստանի Կանաչ տարածքների պաշտպանության դաշինք» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը, «Հայկական բնապահ­պանա­կան ցանց» կազմակերպության ներկայացուցիչ Քըրք Ուոլիսը, «Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ նախագահ Տարոն Սիմոնյանը, ԷրՃՇՊՀ գեոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը և այլոք: Բարձրացված հարցերը վերաբերում էին ինչպես ծրագրի իրակա­նաց­ման հնարավոր բնապահպանական հետևանքներին, այնպես էլ այն դերակատարմանը, որ ծրագրի իրականացումը կունենա Լոռու մարզի տնտեսական կյանքում: Այդուհետ տեղեկատվական զեկուցումներով հանդես եկան ՀՀ արդարատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծա­ռա­յու­թյան պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավիտիսյանը, ովքեր ներկայացրեցին համապատասխան պետական լիազոր մարմինների տիրապետած տեղեկատվությունն ու դիրքորոշումը հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ: Հաջորդիվ խոսքը տրվեց «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանին, ով հանգամանալից ներկայացրեց ծրագրի իրականացման ներկա փուլը և անդրադարձավ քննարկման շրջանակներում բարձրացված հարցերին:

Քննարկման շրջանակներում ևս մեկ անգամ ներկայացվեցին Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքները Լոռու մարզի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առկա իրադրության համատեքստում: Շահագրգիռ հանրության ներկայացուցիչներն իրազեկվեցին ծրագրի նախապատրաստական աշխատանք­ների շրջանակներում իրավական ընթացակարգերի պահպանվածության, ծրագրով նախատես­ված բնապահպանական միջոցառումների, տեխնոլոգիական լուծումների և այլ տեսանկյունների մասին:

Ավարտին՝ նիստի համակարգող ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար:

Հ.Գ.

Մեր տեղեկությունների համաձայն՝ աշխատանքային խմբի անունից պաշտոնապես հրավիրված էին նաև «Թռչկան» և «Փրկենք Թեղուտը» հասարակական նախաձեռնությունների անդամներ, ովքեր քննարկման նախօրեին տարածած հայտարարությամբ հրաժարվել էին գալ քննարկմանը: Սակայն նրանց մի մասը այդուհանդերձ ժամանել էր Վանաձոր: Լինելով հրավիրված՝ նրանք նախընտրել էին ոչ թե մտնել դահլիճ և քննարկման ձևաչափով արտայհայտել իրենց դիրքորոշումը, այլ՝ տարաբնույթ պաստառներով խմբվել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դիմաց և նախասրահում: Նրանք թմբուկներով անկառավարելի աղմուկ էին բարձրացրել և տարբեր վանկարկումներով ուղեկցում էին քննարկման դահլիճից դուրս եկող մարդկանց: