2010թ. մայիսի 1-2-ը «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայցը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում և ծառատունկ` հարակից տարածքներում: Մասնակիցները նախ դիտեցին նախկին հասարակական ծառատունկերի շրջանակներում տնկված ծառերը, համոզվեցին, որ դրանց նկատմամբ ընկերության կողմից իրականացվել է պատշաճ խնամք և ապահովվել բարձր կպչողականություն, ապա ձեռնամուխ եղան նույն ցանկապատված տարածքի ներսում նոր ծառատունկի:

Չնայած ցուրտ եղանակին և տեղացող հորդառատ անձրևին` ծառատունկն իրականացվեց նախատեսված ծավալով. մոտ 3000 քառակուսի մետր տարածքում մասնագիտական վերահսկողության ներքո տնկվեց ավելի քան 800 տնկի: Ծառատունկն ընթացավ ավելի քան 100 մասնակիցների միջև ջերմ միջանձնային հարաբերությունների և փոխգործակցության մթնոլորտում, ներգրավված էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կազմակերպվեց նաև ճանաչողական այցելություն հանքավայրի տարածքում «Վալլեքս» խմբի ընկերությունների միջոցներով կատարվող պեղումների շնորհիվ հայտնաբերված պատմամշակութային հուշարձաններ, որից հետո Թեղուտի մշակույթի տանը կազմակերպվեց քննարկում: Շրջայցի երկրորդ օրը կազմակերվեց այցելություն Ալավերդու սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ, Միկոյան եղբայրների թանգարան, կատարվեց խորհրդանշական ծառատունկ Սանահինի վանական համալիրի հարակից տարածքում:

Հարկ է նշել, որ «Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսանողական ծառատունկերը հասարակական միջոցառումներ են, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Դրանք իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հետևանքով անտառային տնտեսությանը հասցվելիք վնասի փոխհատուցման` ՀՀ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրով նախատեսված միջոցառումների:

Հիշեցնենք, որ «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կատարել գումարային 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնակին), ընդ որում, այդ աշխատանքները ներառում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տարածքները անտառի կատեգորիա տեղափոխելու համար նախադրյալների լիարժեք ապահովման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Մրցութային կարգով ընտրված կազմակերպությունների կողմից արդեն իրականացվել են անտառապատման աշխատանքներ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 108 հա գումարային մակերեսով տարածքներում: