Թեղուտի պաշտպանության խմբի (Teghut Defense Group) նախաձեռնությամբ Վրաստանի կա­նաչ այլընտրանք (Green Alternative) կազմակերպության հետ համատեղ կազմակերպված կոն­ֆերանսի շրջա­նակ­ներում 2010 թ. դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ այցելություն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հան­քա­վայրի տարածք:

Կոնֆերանսի կազմակերպիչների հրավերով` այցելությանը մասնակցում էին ինչպես հա­յաստանյան, այնպես էլ վրաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներ: Այցելության մասնակիցները (շուրջ 20 մարդ) պատշաճ հրահանգավորումից հետո «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնագահ Արթուր Մկրտումյանի, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանի և այլ աշխատակիցների ուղեկ­ցությամբ եղան հանքավայրի տարածքի այն տեղամասերում, որոնք այցելելու ցանկության վերա­բեր­յալ նախապես տեղեկացրել էին, ինչպես նաև այն տեղամասերում, որոնք այցելելու ցանկության մա­սին հայտնեցին տեղում: «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչները այցելության ընթացքում մաս­նակիցներին մանրամասն ներկայացրեցին հանքավայրի շահագործման նախագծով նախատեսված աշ­խա­տանքների իրականացման ընթացքը, ապագա կոմբինատում ներդրվելիք տեխնոլոգիաների առանձ­նահատկությունները, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը և դրա կանխարգելմանը կամ նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումները:

Հանքավայրի տարածքում շրջելուց հետո այցելության մասնակիցների համար «Թեղուտ» ՓԲԸ վար­չական շենքում կազմակերպվեց քննարկում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի մասնակցությամբ, որի շրջանակներում մասնակիցներն առանց ժամանակային կամ այլ սահ­մանափակման հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց մտահոգող հարցերը և ստանալու դրանց պատասխանները: Մասնավորապես` Վրաստանից ժամանած մասնակիցների համապատասխան հար­ցի պատասխանում հիմնավորվեց, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագ­րի իրականացումը չի ենթադրում անդրսահմանային որևէ ազդեցություն շրջակա միջավայրի վրա:

Դեկտեմբերի14-ին, ք. Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպված քննարկմանը մաս­նակցեց «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, ով նախ ներկայացրեց Թե­ղու­տի հանքավայրի շա­հա­գործման ծրագրի իրականացման անվտանգությանն առնչվող տեսանկյունները (ցուցադրված նյութեր), ապա անդրա­դարձավ այն թերություններին և բաց­թողումներին, որոնք տեղ են գտել կոնֆերանսի փաստաթղթերում: Մասնավորապես` կոնֆերանսի փաստաթղթերում որևէ ակնարկ չկա այն մասին, որ անտառահա­տում­նե­րի վնասի փոխհատուցման նպատակով ընկերությունն իրա­կա­նաց­նում է ծրագիր, որը նախատեսում է կրկնա­կի գումարային մակերեսով տրածքներում (714 հա) անտա­ռա­պատման աշխատանքներ, և ընկե­րու­թյու­նը պատասխանատվություն է ստանձնել ապահովել այդ տա­րածք­ներում խնամքի աշխա­տանք­ներ մինչ անտառային էկոհամակարգի ձևավորման համար բավարար նա­խա­դրյալ­ների ձևավորումը: Կազմա­կեր­պիչների ընձեռած հնարավորության շրջանակ­նե­րում Գագիկ Արզումանյանը պատասխանեց ներ­կա­ների բարձրացրած հարցերին և հնչեցրած ելույթներին:

«Վալլեքս» խմբի ընկերությունները, իրենց գործունեության տեղեկատվական թափանցիկության քաղաքականության շրջանակներում կարևորելով նմանատիպ միջոցառումներին պատշաճ մասնակ­ցու­թյու­նը, մշտապես համարժեք են արձագանքում այդպիսի հրավերներին և հնարավորության սահմաննե­րում նպաստում դրանց կառուցողական ընթացքին: