2011 թվականի նոյեմբերի 14-ից-18-ը Լոռու մարզի պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգում:

Պատվիրակության կազմում էին մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, «Վալլեքս» խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը, «Ուկրշին» ընկերության նախագահ Հրայր Սարգսյանը և «Առաջին լրատվական» ծրագրի թղթակից Հրաչյա Պապինյանը: Նահանգային կենտրոն Թաույանում պատվիարկության անդամները հանդիպեցին Շանսի կառավարության Զարգացման և բարեփոխումների կոմիտեի պետ Լի Բաոյին, Տնտեսության և տեղեկատվության կոմիտեի պետ Խուան Ֆակեին, Տուրիզմի վարչության պետ Սի Սյաոյին և կառավարության այլ ներկայացուցիչների: Երկու կողմերը ներկայացրին իրենց մարզերի տնտեսությունները և նախանշեցին այն ուղղությունենրը որտեղ հնարավոր են համարում մարզերի միջև փոխշահավետ ու իրավահավասար համագործակցությունը:

«Վալլեքս» խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանը ներկայացրեց ընկերութայն գործունեությունն ու ուղղությունները: Չինական կողմին ակնհայտորեն հետաքրքրեցին հատկապես ընկերության լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունները, ինչի վերաբերյալ ստացան ամբողջական պատասխան:

Նույն օր երեկոյան Թաույանում տեղի ունեցավ Արթուր Նալբանդյանի և Լոռու պատվիրակների հանդիպումը Շանսի նահանգի Ժողովրդական Կառավարության նախագահ Ձյուն Վանի և կառավարության գլխավոր քարտուղար Չեն Յունցի հետ: Հանդիպմանը հաջորդեց երկու մարզերի միջև բարեկամական կապերի հաստատման վերաբերյալ հուշագրի և առևտրատնտեսական համագործակցության մասին արձանագրության ստորագրումը, որին ներկա էին Շանսիի կառավարության անդամներ, լրագրողներ: Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրեց մարզպետ Արթուր Նալբանդյանը, չինական կողմից մարզային Ժողովրդական Կառավարության նախագահ Ձյուն Վանը: Հուշագիրը և արձնագրությունը նախատեսում են իրավահավասար ու փոխշահավետ սկզբունքերով համագործակցել կապի և տրանսպորտի, էներգետիկայի, բժշկության, առողջապահության, գիտատեխնիկա­կան ու զբոսաշրջության ասպարեզներում: Չինական պատվիրակությունը պատաս­խան այցով Լոռի կժամանի 2012 թվականին: