Ինքնաթափ մեքենաներով հանքաքարը բացահանքից բերվում է ֆաբրիկա և լցվում ընդունիչ զետեղարան: Այտավոր ջարդիչների միջոցով իրականացվում է հանքաքարի խոշոր ջարդում: Բացահանքից բերվող հանքաքարի քանակը կարող է տատանվել: Որպեսզի վերամշակման գործընթացը կախված չլինի այդ տատանումներից և հետագա փուլերը կայուն մատակարարվեն հանքաքարով, նախատեսված է ջարդված հանքաքարի պահեստ: Հանքաքարի տեղափոխումն այդ պահեստ իրականացվում է փոխակրիչներով: Պահեստն ունի 35,000 տոննա տարողություն, որում հանքաքարի համաչափ բաշխման համար ներդրված է հատուկ համակարգ:
Այդուհետ հանքաքարը փոխակրիչով տեղափոխվում է մանրացման աշխատամաս: Որոշակի քանակությամբ ջրի և մետաղյա գնդերի հետ միասին հանքաքարը լցվում է խոնավ կիսաինքնամանրացման աղաց: Այն ունի 10.4 մ տրամագիծ և 4.6 մ երկարություն: 12 մմ-ից մեծ չափսեր ունեցող կտորները փոխակրիչով վերադարձվում են կիսաինքնամանրացման աղաց: Մանրացված հանքաքարի խյուսը պոմպով մղվում է հիդրոցիկլոնային դասակարգիչ՝ բաղկացած 8 հիդրոցիկլոններից: Դասակարգման արդյունքում 0.15 մմ-ից մեծ մասնիկներ պարունակող ավազը տրվում է 6.1 մ տրամագիծ և 10 մ երկարություն ունեցող գնդավոր աղաց, որտեղ մանրացվելուց հետո վերադառնում է հիդրոցիկլոնային դասակարգիչ: 0.15 մմ-ից փոքր մասնիկներից բաղկացած խյուսը հիդրոցիկլոնային դասակարգիչից ինքնահոսով անցնում է պղնձի և մոլիբդենի միասնական ֆլոտացման փուլ, որտեղ դրան ավելացվում են անհրաժեշտ ազդանյութեր: Մետաղ պարունակող միներալները թրջելիության առավել ցածր աստիճան ունենալու շնորհիվ հավաքվում են ներքևից տրվող օդի պղպջակների մակերեսին և պղպջակների հետ միասին բարձրանում վերև՝ կուտակվելով փրփուրի շերտում, որից էլ ստացվում է խտանյութը:
Միասնական ֆլոտացման առաջին փուլն իրականացվում է 8 խցերում: Դրան հաջորդում է լրամանրացման փուլը, որը բաղկացած է 3.1 մ տրամագիծ և 5.5 մ երկարություն ունեցող գնդավոր աղացից և հիդրոցիկլոնային դասակարգիչից:
Այդուհետ միասնական խտանյութն անցնում է մաքրման և ստուգողական ֆլոտացման փուլեր՝ անցնելով 14 տարբեր խցերով: Միասնական ֆլոտացման պոչանքներն ինքնահոս տեղափոխվում են պոչամբար: Վերջնական միասնական խտանյութը մատակարարվում է 15 մ տրամագծով թանձրիչ, որտեղից էլ պոմպով մղվում է մոլիբդենի առանձնացման աշխատամաս:
Մոլիբդենի ֆլոտացումը ներառում է մեկ հիմնական և 6 մաքրման փուլեր: Ազդանյութերն ընտրված են այնպես, որ օդի պղպջակների մակերեսին հավաքվում և փրփուրի շերտերում կուտակվում են միայն մոլիբդեն պարունակող միներալները:
Մոլիբդենի ֆլոտացիայի պոչանքը՝ պղնձի խտանյութը, տրվում է 15 մ տրամագծով թանձրիչ: Թանձրացումից հետո խտանյութն անցնում է ավտոմատ մամլաքամիչ, որտեղից որպես պղնձի ապրանքային խտանյութ, լցվում է խտանյութի պահեստ:
Մաքրման փուլերում մոլիբդենի խտանյութն անցնում է 11 տարբեր խցերով և երեք սյունակաթսաներով: Այդուհետ այն մատակարարվում է 8 մ տրամագծով թանձրիչ, որտեղից էլ անցնում է զտման՝ պնևմամամլիչով: Մամլումից հետո խտանյութը չորացվում և փաթեթավորվում է որպես մոլիբդենի ապրանքային խտանյութ:
Ավելի մանրամասն տես Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի 3.2 հատորը