2011 թ. ապրիլի 16-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին ուսանողական հերթական շրջայց-ծառատունկը Թեղուտի պղինձ- մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքներում: Ծառատունկին մասնակցեց ավելի քան 140 մարդ. ներգրավված էին ՀՀ առաջատար բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպություն», «Լոռվա երիտասարդների միասնություն» և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, անվանի մտավորականներ:
Ծառատունկն իրականացվեց գումարային շուրջ 1.5 հա մակերեսով՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հատուկ այդ նպատակով ցանկապատված տարածքներում: Տնկվեց շուրջ 700 ծառ՝ 450 շագանակենի, 120 ընկուզենի, 70 սոճի և 60 լորենի:
Շրջայցի պատմամշակութային-ճանաչողական բաղադրիչի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Ախթալայի վանական համալիր (10-րդ դար): Տեր Վիգեն քահանա Ղազարյանը շրջայցի մասնակիցներին համառոտ ներկայացրեց հիմնադրման պատմությունն ու նրա հետ կապված ավանդությունները:
Միջոցառման ավարտին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի կենտրոնում կազմակերպվեց քննարկում: Մասնակիցներին հնարավորություն տրվեց բարձրացնելու Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերը, որոնց պատասխանեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների համապատասխան ներկայացուցիչները:
Միջոցառումը եզրափակվեց Լիանա Անթառանյանի «Սարերում կյանք կա» պիեսի համանուն ներկայացման ցուցադրությամբ: Շնորհիվ Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանների (գլխավոր դերում՝ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյան) անզուգական խաղի՝ ներկայացումը բացառիկ գեղագիտական հաճույք պարգևեց հանդիսատեսին:
Հարկ է նշել, որ «Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսանողական ծառատունկերը հասարակական միջոցառումներ են, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները: Դրանք իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հետևանքով անտառային տնտեսությանը հասցվելիք վնասի փոխհատուցման` ՀՀ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրով նախատեսված միջոցառումների:
Հիշեցնենք, որ «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կատարել գումարային 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնակին), ընդ որում, այդ աշխատանքները ներառում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տարածքները անտառի կատեգորիա տեղափոխելու համար նախադրյալների լիարժեք ապահովման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները:
Ծրագրով նախատեսված կարգով Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ համայնքների վարչական սահմաններում անտառապատման աշխատանքներ են իրականացվել և շուրջ 5 տարի շարունակ խնամքի աշխատանքներ կիրականացվեն գումարային 140 հա մակերեսովտարածքներում: Արդեն մշակվել է աշխատանքային նախագիծ, որով նախատեսվում է իրականացնել անտառապատման աշխատանքների իրականացում ՀՀ Լոռու մարզի Օձուն և Արջուտ համայնքների վարչական սահմաններում գտնվող գումարային 80 հա մակերեսով տարածքներում: