05.08.2011թ. «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության Խանջյան 19 հասցեում գտնվող գրասենյակում տեղի ունեցավ Թեղուտի հանքավայրի շահագործման համար կատարվող անտառահատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի համաձայն ստեղծված մրցութային հանձնաժողովի՝ անտառապատման աշխատանքներ իրականացնող կազմակերպության (կազմակերպությունների) ընտրության նպատակով 14.07.2011 թ. հայտարարված մրցույթի արդյունքների ամփոփման համար գումարված նիստը:
Մրցույթն անցկացվել է երկու լոտով: Առաջին լոտով (Արջուտ համայնքում 50 հա տարածքում անտառապատման իրականացում) հայտ ներկայացրել էին «Օձուն-Տուր», «Ստոկս» և «Աղավնատուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:
Երկրորդ լոտով (Օձուն համայնքում 30 հա տարածքում անտառապատման իրականացում) հայտ ներկայացրել էին «Օձուն-Տուր», «Ամատիտ» և «Ստոկս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները:
«Օձուն-Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկները երկու լոտերով էլ ճանաչվեցին լավագույնը: Երկրորդ լավագույն առաջարկն առաջին լոտով համարվեց «Աղավնատուր», երկրորդ լոտով՝ «Ամատիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված առաջարկը:
Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կատարել գումարային 714 հեկտար մակերեսով տարածքներում (հատվող անտառային ծածկույթի կրկնակին), ընդ որում, այդ աշխատանքները ներառում են ոչ միայն ծառատունկը, այլև նշված տարածքները անտառի կատեգորիա տեղափոխելու համար նախադրյալների լիարժեք ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները: