Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ: «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, որին մասնակցել են նաև Շնող և Թեղուտ համայնքների ղեկավարներն ու ավագանին:
Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկն անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է՝ ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, մշակել է անտառապատման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա: Անտառապատում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններն ընտրվում են մրցույթով:
Ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:
Զեկուցվել է նաև, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր և հուշարձաններ, որոնց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Ընկերության ֆինանսավորմամբ հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ և ծրագրով սահմանված այլ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից:
Ներկայացվել է «Թեղուտ» ընկերության սոցիալական քաղաքականությունը ևս: Ընդգծվել է, որ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը, որը համակարգում է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Լոռու մարզում ընկերության սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է այդ հիմնադրամի միջոցով: Ընդհանուր առմամբ, 2008-2013թթ. ընկերությունը և «Մանես» բարեգործական հիմնադրամը Թեղուտ և Շնող համայնքներին՝ համայնքների զարգացման նպատակով, հատկացրել են շուրջ 116.7 մլն դրամ ֆինանսական ծավալով օժանդակություն: Հիմնադրման օրվանից հիմնադրամն իրականացրել է ավելի քան մեկ միլիարդ ՀՀ դրամ ֆինանսական ծավալով սոցիալական ծրագրեր:
Պատասխանատուների հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում: Մասնավորապես նշվել է, որ հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն, ընկերությունն ունի մոտ 1.200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 430 աշխատող՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար ՀՀ դրամ:
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին:
Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան ներկայացրել են կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքն ու շահագործումից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերը: Նշվել է, որ նախկին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող այդ կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ. սկզբին: Պատասխանատուների հավաստմամբ, ներկայումս իրականացվում են կենտրոնի ներքին հարդարման, արտաքին ցանցերի, ճանապարհների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Ուսումնական կենտրոնում տեղադրվելու են բարձրորակ ինժեներական համակարգեր և սարքավորումներ:
Ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերի վերաբերյալ նշվել է, որ կենտրոնում իրականացվելու են ՊԵԿ համակարգի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման, վերապատրաստման, այցելուների հանգստի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր: