Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի հանքահարստացուցիչ ֆաբրիկան նախատեսվում է համալրել «Էֆ Էլ Շմիդտ» (FL Smidth) ընկերության արտադրած սարքավորումներով:

Այս ընկերությունը համաշխարհային առաջատարներից մեկն է հանքահարստացուցիչ ֆաբրիկաների սարքավորանքի արտադրության բնագավառում, և նրա արտադրանքն օգտագործվում է աշխարհի բազմաթիվ հանքարդյունաբերական համալիրներում:

Սարքավորումների մատակարարման պայմանագիրը «Թեղուտ» և «Էֆ Էլ Շմիդտ» ընկերությունների միջև կնքվել է դեռևս 2008 թ. օգոստոսին, որից հետո կողմերի միջև եղել են մի շարք հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ:

Համագործակցության շրջանակներում տարբեր խնդիրներ քննարկելու նպատակով մատակարար ընկերության պատվիրակությունը ընկերության փոխնախագահ Դեյվիդ Վուդրաֆի գլխավորությամբ սույն թվականի մարտի 16-ին այցելել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր: «Էֆ Էլ Շմիդտ» ընկերության մասնագետները դիտել են կառուցվող արտադրական օբյեկտները և ծանոթացել հետագա անելիքների հետ: Մարտի 17-ին և 18-ին մատակարար ընկերության մասնագետները «Թեղուտ» ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել են սարքավորումների մատակարարման, ինչպես նաև աշխատանքային նախագծի հետ կապված մի շարք հարցեր: