Սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
– կազմակերպության ներսում վարվող սոցիալական քաղաքականություն (ներքին քաղաքականություն),
– ազդակիր համայնքների սոցիալական իրադրության բարելավում և շրջակա սոցիալական միջավայրի վերընթաց զարգացման նախադրյալների ապահովում (արտաքին քաղաքականություն):
Ներքին քաղաքականության հիմնական սկզբունքներ.
1. Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների լիակատար բավարարում
Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ յուրաքանչյուր գործատու պետք է խստորեն պահպանի աշխատանքային օրենսդրության և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները, իսկ ողջամիտ հնարավորության դեպքում՝ ներքին իրավական ակտերով սահմանի աշխատողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմաններ, քան նախատեսված է օրենսդրորեն:
2. Աշխատակցի հանդեպ մարդասիրական վերաբերմունք
«Վալլեքս» խմբի ընկերություններում աշխատողը երբեք չի դիտարկվում որպես միայն վերացական աշխատուժ, որի հետ հարաբերությունները սահմանափակվում են իրավական դաշտով, այլ ընկալվում է որպես կոնկրետ մարդ: Աշխատողների նկատմամբ վերաբերմունքը միտված է այն բանին, որ ի դեմս ընկերության՝ աշխատողը տեսնի իր և իր ընտանիքի ներկա և ապագա սոցիալական կայունության երաշխիքը:
3. Թիմային գիտակցության ձևավորում
Մենք կարևորում ենք մեր ընկերությունների աշխատանքային կոլեկտիվների ներքին միասնականության, աշխատողների միջև միջանձնային հարաբերությունների որակի շարունակական բարելավման, կոլեկտիվների անդամների կողմից ընդհանուր գործի, շահի և նպատակի ընկալման ապահովման խնդիրները: Ի լրումն աշխատողների շրջանում կորպորատիվ էթիկայի սկզբունքների տարածման ուղղությամբ աշխատանքների՝ աշխատողների միջև պատշաճ միջանձնային հարաբերությունների և թիմային գիտակցության ձևավորման նպատակով տարբեր տոների և այլ առիթներով պարբերաբար կազմակերպվում են կորպորատիվ մշակութային միջոցառումներ:
Արտաքին սոցիալական քաղաքականություն
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը «Վալլեքս» խմբի ընկերությունները համարում են ժամանակակից աշխարհում գործարարության կարևոր նախապայման: Արտաքին սոցիալական քաղաքականության մեջ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի պետության և հասարակության առջև մեր՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը՝ ներառյալ բոլոր հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների իրականացումն ըստ համապատասխան բյուջեների: Բացի այդ, «Վալլեքս» խմբի ընկերություններն ազդակիր համայնքների սոցիալական իրադրության շարունակական բարելավման ծրագրեր են իրականացում նաև սեփական նախաձեռնությամբ:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը չի սահմանափակվում դրվագային բարեգործությամբ, այլ ենթադրում է շրջակա սոցիալական միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ հետևողական գործունեություն: ՀՀ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը: Թեև որոշ դեպքերում մեր ընկերությունները սոցիալական օժանդակություն ցուցաբերում են նաև ուղղակիորեն, Լոռու մարզում «Վալլեքս» խմբի սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է «Մանես» բարեգործական հիմնադրամի միջոցով:
«Վալլեքս» խմբի ընկերությունների սոցիալական քաղաքականության կարևոր սկզբունքներից է շրջակա սոցիալական և պատմամշակութային միջավայրի վրա ընկերությունների գործունեության հետևանքով հնարավոր բացասական ազդեցությունների մեղմումը: Մենք հաշվի ենք առնում այն, թե ինչ տնտեսական նկարագիր ունի ազդակիր համայնքը, և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր գործունեությունը ազդակիր համայնքի տնտեսական կյանքի վրա:
Մենք իրականացնում ենք նաև ազդակիր համայնքների մշակութային կյանքին նպաստելուն կոչված ծրագրեր: Մասնավորապես՝ Հայաստանի մշակութային կյանքի համար բնութագրական մարզեր-մայրաքաղաք երկփեղկվածությունը հաղթահարելու և ՀՀ Լոռու մարզի ազգաբնակչությանը մշակութային անցուդարձին հաղորդակից դարձնելու նպատակով Ալավերդի քաղաքում պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց լայնորեն ներգրավվում են մայրաքաղաքի մշակութային գործիչները: