Բնապահպանական և սոցիալական ոլորտներում վարվող քաղաքականությունը «Վալլեքս» խմբի ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարախոսության անբաժանելի մասն են կազմում: Ըստ բնապահպանական և սոցիալական ոլորտներում մեր քաղաքականության հայեցակարգային կանխադրույթի՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է հաշվի առնի իր տնտեսական գործունեության սոցիալական և բնապահպանական չափումները և պարտադիր կերպով ապահովի տնտեսական նպատակահարմարության, սոցիալական արդարության և բնապահպանական անվտանգության պատշաճ հավասարակշռություն:
Որպես տարածաշրջանում երկարաժամկետ ծրագրեր իրականացնող ընկերությունների խումբ՝ մենք շահագրգռված ենք տարածաշրջանի կայուն զարգացման մեջ և մեր բոլոր գործողություններն իմաստավորում ու գնահատում ենք նաև ազդակիր համայնքների սոցիալական իրադրության բարեփոխման հրամայականի և շրջակա միջավայրի վրա բնապահպանական ծանրաբեռնվածության նվազեցման անհրաժեշտության համատեքստում: Մեզ համար անընդունելի է տնտեսվարման այնպիսի ոճը, որը տնտեսական զարգացման գործընթացում անտեսում է բնապահպանական խնդիրների համակարգը՝ առավել ևս, երբ համապատասխան պահանջներ սահմանված են օրենսդրորեն: