Որակյալ աշխատուժի ներգրավումը «Վալլեքս» խմբի ընկերությունների կադրային քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից է:
Թափուր աշխատատեղերի համալրման գործընթացում մենք առաջնահերթ կարևորում ենք շահագրգիռ հանրության պատշաճ իրազեկումը և «Վալլեքս» խմբի ընկերություններում աշխատանքի անցնելու հավակնորդների համար առողջ մրցակցային պայմանների ապահովումը: Միևնույն ժամանակ մենք շահագրգռված ենք խմբի ընկերությունների գործունեության տարածաշրջաններում սոցիալական իրադրության շարունակական բարելավմամբ և գիտակցում ենք զբաղվածության հիմնախնդրի մեղմման կարևորությունը հարակից համայնքների տնտեսական կյանքում: Ինչպես առկա աշխատակազմերում բնականոն սերնդափոխության, այնպես էլ նոր տնտեսական ծրագրերի իրականացման արդյունքում մեր ընկերություններում առաջացող աշխատատեղերը համալրելու հավակնորդներին գնահատելիս այլ հավասար պայմանների դեպքում մենք առավելություն ենք համարում մեր գործունեության հարակից համայնքի ներկայացուցիչ լինելը:
«Վալլեքս» խմբի հայաստանյան և արցախյան ընկերություններում աշխատողների գերակշիռ մասը տվյալ ընկերության գործունեության տարածաշրջանի համայնքների ներկայացուցիչներ են: Մենք ձգտում ենք աշխատակազմերում ապահովել փորձի փոխանակման արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի աշխատանքի նաև այն տեսակները, որոնց կատարման համար ներկայում ներգրավված են այլ երկրներից հրավիրված մասնագետներ, մոտ ապագայում ունակ լինեն կատարել տարածաշրջանի համայնքները ներկայացնող աշխատողները: