«Վալլեքս» խմբի ընկերությունները տեղեկացնում են.

«Թեղուտ» ՓԲԸ լեռնահարստացուցիչ կոմբինատը պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով 2018թ. հունվարի 12-ից դադարեցրել է աշխատանքը: Միևնույն ժամանակ գործարկումից ի վեր, իսկ 2017թ. առաջին եռամսյակից սկսած առավել մանրամասն «Թեղուտ» ՓԲ Ընկերությունն իրականացնում էր պոչամբարի կայունության պարբերական վերահսկում: Գիտակցելով պոչամբարի կայունության խնդրի հույժ կարևորությունը, Ընկերությունը ներգրավել է մի շարք հայկական և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ ծավալուն գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներ կատարելու և Ընկերությանը գործնական լուծումներ տալու համար:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի պատվարի կայունության բարելավման աշխատանքների համար անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանա-տեխնիկական աշխատանքներ, լաբորատոր փորձարկումներ, ինչպես նաև դրանց հիման վրա նախագծերի պատրաստում և թողարկում: Դրանք տևական գործընթացներ են՝ պայմանավորված  ոչ թե մասնակիցների արագագործությամբ, այլ գործընթացների և աշխատանքների բարդությամբ և ծավալով:

Արդյունքում,  Ընկերության ղեկավարությունը կայացրեց միակ հնարավոր և պատասխանատու որոշումը: Այն է՝ չվերագործարկել լեռնահարստացուցիչ կոմբինատը քանի դեռ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանացվել ՀՀ օրենսդրական և միջազգային ամենաբարձր չափորոշիչներին:

Ստեղծված իրավիճակում, ի վիճակի չլինելով կրել կանգառի ժամանակ ողջ աշխատակազմի ֆինանսական ծանր բեռը ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ Ընկերության նախաձեռնությամբ լուծարվել են աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Պայմանագրերի լուծարման բոլոր գործընթացները իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջներին համահունչ՝  դրա վերաբերյալ սահմանված կարգով (2 ամիս առաջ) ծանուցումներ ուղարկելով Ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին (1200 մարդ): Ընկերության բոլոր աշխատակիցներին վճարվել են աշխատավարձերը, աշխատանքային պայմանագրի լուծման պահին անորոշ ժամկետով աշխատող բոլոր անձանց վճարվել է  նաև արձակման նպաստ՝ վերջիններիս մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

Այս պահին Թեղուտ ՓԲԸ-ում զբաղված են 333 աշխատակիցներ, որից 127-ը Շնող խոշորացված համայնքից (Թեղուտ, Շնող, Քարկոփ): Բացի այդ, Ընկերությունը ձեռնարկել է  միջոցներ կրճատումների արդյունքում աշխատանքից ազատվող անձանց մի մասին խմբի այլ ընկերություններ տեղափոխելու և համապատասխան աշխատանքով ապահովելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է 11.06.2018թ. Թեղուտ ՓԲԸ տանող ճանապարհը համայնքի բնակիչների կողմից փակելու իրողությանը և բողոքի ակցիային,  Ընկերությունը գիտակցում է անսպասելի երկարատև կանգառի արդյունքում ծանր սոցիալական դրության մեջ հայտնված իր նախկին աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների դժվարությունները և հնարավորության սահմաններում ձեռնարկում է քայլեր այդ դրությունը մեղմելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը միշտ գործել է բացառապես օրենքի դաշտում իր հարկային և ֆինանսական այլ պարտավորությունների մասով: Ավելին, իր ԿՍՊ քաղաքականության շրջանակներում նույնիսկ կանգառի պայմաններում Ընկերությունը շարունակում է աջակցությունը  համայնքներին և համագործակցությունը դրանց հետ: Հարակից խոշորացված Շնող համայնքի հետ համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ինչպիսիք են մանկապարտեզի, փողոցների վերանորոգում, կոյուղու համակարգի շինարարություն, դպրոցի ցանկապատի կառուցում, հատուկ տեխնիկայի ձեռքբերում և այլն:

Զբաղվածության հետ կապված բնակիչների բողոքների առիթով Թեղուտ ՓԲԸ ղեկավարությունը ս.թ. հունիսի 2-ին և 13-ին հանդիպումներ է կազմակերպել Շնող համայնքի ղեկավարի և բնակչության հետ, որի արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ՝  հնչեցված հարցերին պատշաճ արձագանքելու և որոշ դեպքերում կոնկրետ քայլեր ձեռնարկելու շուրջ:

 

Հարգանքով`

Վալլեքս խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին