Սիրելի հանքագործներ և մետալուրգներ, գործընկերներ և բարեկամներ

Սրտանց շնորավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Մեր լեռնային հայրենիքում լեռնագործությունը քաղաքակրթություն և մշակույթ ծնող, մեր լեռներից հաց քամող և լեռներն ապրեցնող մասնագիտություն է եղել դարեր ի վեր։ Ընդերքի հարստությունը տնտեսական ներուժ և հանրային բարիք դարձնող ձեռնարկությունների շուրջ ստեղծվել են բնակավայրեր, ավաններ ու քաղաքներ։ Մշակութային, առողջապահական, կրթական, քաղաքաշինական և այլ ոլորտներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնց տնտեսական հիմքը եղել է հանքագործների և մետալուրգների աշխատանքը։

Սիրելի բարեկամներ, այսօր նաև ավանդաբար նշվում է հանքագործական և մետալուրգիական արտադրության շուրջ ձևավորված քաղաքի՝ Ալավերդու օրը և պղնձաձուլարանի հոբելյանը։ Հայաստանի՝ մեր օրերը հասած ամենահին ձեռնարկությունը 250 տարեկան է։ Գործարանն այսօր «Վալլեքս» խմբինը չէ, գործարանն այսօր չի աշխատում, և ես լավ գիտեմ, որ ալավերդցիների համար դյուրին ժամանակներ չեն, քանի որ քաղաքի տնտեսական կյանքի հիմնական քարշակն ինքն է կանգ առել։ Սակայն, սիրելի ալավերդցիներ, այսօրը չնայած բոլոր դժվարություններին ձեր տոնն ու ձեր անցած ճանապարհով հպարտանալու առիթն է։ Համոզված եմ, լավ է լինելու։ Միասին մեկ անգամ արդեն մոխիրներից բարձրացրել ենք գործարանը։ Միասին կարողանալու ենք անել դա կրկին։ Արարելու և ստեղծելու գեները պապերից ու ապուպապերից ժառանգած ալավերդցին վերագտնելու է իր աշխատանքային ճակատը, վերականգնելու է հինն ու բարին, դրա հիման վրա ստեղծելու է նորը։

«Վալլեքս» խմբի հիմնական արտադրական ձեռնարկությունը, արցախյան «Բեյզ Մեթըլսը» շարունակում է կայուն տնտեսական ցուցանիշներ ապահովել և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։ Ընկերությունը փոխկապակցված ըներությունների հետ միասին ավելի քան 2400 աշխատող  ունի։ «Բեյզ Մեթըլսի» հարգարժան անձնակազմ, սիրելի գործընկերներ, այս տոնը ձերն է, ձեր միասին ուրախանալու և արած գործով հպարտանալու լավ առիթը։

Սիրելի գործընկերներ, «Վալլեքս» խմբի ընկերությունները կենդանի օրգանիզմների նման դինամիկ արձագանքում են իրավիճակին և շարունակաբար կատարելագործում ու օպտիմալացնում կազմակերպական մեխանիզմները։ Մենք մասշտաբային օպտիմալացման ծրագիր ենք իրականացնում «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում, և վստահ եմ, որ նոր ղեկավարությամբ, նոր մոտեցումներով ընկերությունը էական առաջընթաց է ապահովելու՝ իր առաջարկած ծառայությունների պահանջվածությունն ապացուցելով ոչ միայն հայաստանյան, այլև՝ արտերկրի ընդերքօգտագործողների համար։ Գիտահետազոտական և նախագծային աշատանքային ճակատի սիրելի գործընկերներ, ժամանակակից հանքագործության և մետալուրգիայի բնագավառներում ձեր աշխատանքի որակից է կախված ամեն ինչ։ Հորատանցողի, էքսկավատորի օպերատորի և վառարանի առջև կանգնած ձուլողի հետ համահավասար այսօրը ձեր տոնն է, անցած ճանապարհը վերաիմաստավորելու, նոր, հավակնոտ ծրագրեր կազմելու և նոր մեկնարկներ ազդարարելու լավ առիթը։ Խոստումնալից արդյունքներ են տալիս նորաստեղծ գիտահետազոտական-ճարտարագիտական «Թեքնոլոջի Սոլյուշնս» ընկերության Արցախում հիդրոմետալուրգիայի բնագավառում իրականացրած հետազոտությունները, և միանգամայն իրատեսական ակնկալիքներ կան, որ մեր արցախյան գործընկերներն ընդհուպ մոտեցել են մետաղական պղնձի արտադրության բնագավառում համաշխարհային նշանակության տեխնոլոգիական նորարարությունների։

Սիրելի հանքագործներ և մետալուրգներ, ձեզ ամուր առողջություն և լավ տրամադրություն եմ մաղթում, նոր մեկնարկներ, նոր նվաճումներ, անսպառ եռանդ, հնարավորություններ և հաջողություններ մեր հայրենիքի բարեկեցությունն ու տնտեսական հզորացումն ապահովելու գործում։

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ