2011 թվականի նոյեմբերի 12-ին Ալավերդիում նշվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյակը:
Տոնական միջոցառումները մեկնարկեցին խաչերթով, որին մասնակցող բազմաթիվ հավատացյալներ խաչերով քայլեցին դեպի եկեղեցի: Եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ:
Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2000 թվականի նոյեմբերի 18-ին` Ալավերդու պղնձաձուլական գործարանի 230-ամյակի տոնակատարության օրը: Եկեղեցու կառուցմանն ու կահավորմանը իրենց աջակցությունը բերեցին Գուգարաց թեմը, ի դեմս առաջնորդի` Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, Ալավերդու տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ, բնակչությունը` եկեղեցում դրված հանգանակության գանձանակների միջոցով: 2001 թվականի նոյեմբերի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ և բազմահազար հավատացյալների մասնակցությամբ եկեղեցին օծվեց և այդ օրվանից դարձավ գործող եկեղեցի: Այն իր շուրջը համախմբեց հազարավոր հավատացյալների, դարձավ Ալավերդու հոգևոր-մշակութային կյանքի նոր կենտրոնը:
Եկեղեցու օծման տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում եկեղեցու բակում մատաղ մատուցվեց:
Տոնական միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ալավերդցի տասը նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Իսկ տոնական օրվա ավարտին ալավերդցիներին ևս մեկ նվեր էր սպասվում. Ալավերդու մշակույթի կենտրոնի դահլիճում ցուցադրվեց Ս. Խալաթյանի «Հրադադար» ներկայացումը:
«Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանի շնորհավորական ուղերձը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյակի առթիվ
Սիրելի ալավերդցիներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման 10-ամյակի կապակցությամբ:
Անցած 10 տարիները զարթոնքի և վերելքի տարիներ դարձան Ալավերդու հոգևոր կյանքում, և դրանում մեծ է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դերը: Եկեղեցու օծմամբ նոր լիցք հաղորդվեց մեր քաղաքի մշակութային մթնոլորտին: Նոր եկեղցին հոգևոր-մշակութային նոր առանցք դարձավ Ալավերդու համար, որի շուրջ համախմբվելով՝ալավերդցիների համար ավելի դյուրին է հաղթահարել ներքին հակադրություններն ու անմիաբանությունը և հավատով միասնական՝ ձեռնամուխ լինել նոր ծրագրերի, հոգևոր և նյութական մշակույթի բնագավառներում նոր նվաճումների:
Մեր տարածաշրջանում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ կան, որոնց շարքում համամարդկային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Սանահինի, Հաղպատի և Օձունի վանական համալիրները: Խորհրդային աստվածամերժության տարիներին, ցավոք, զգալիորեն թուլացել էր ժողովրդի կապը այդ հզոր հոգևոր կենտրոնների հետ:
Գաղափարախոսական արգելքների պատճառով մարդիկ հաճախ խուսափում էին նույնիսկ խոսել հավատի մասին, սակայն քրիստոնեության լույսը մարդկանց հոգիներում երբեք չմարեց: Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին իր օծման օրից գործող եկեղեցի է: Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի ջանքերով մարդկանց հոգիներում ծվարած լույսը նորից ճառագեց, վերակենդանացան անցյալի բարի ավանդույթները, քրիստոնեական ծեսերն ու արարողությունները դարձան Ալավերդու առօրյայի անքակտելի մասը, առավել ամրապնդվեց ժողովրդի կապը նաև պատմական հոգևոր կենտրոնների հետ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր ի վեր եղել է մեր ազգային ինքնության պահապանն ու բյուրեղացնողը, ժողովրդի բարոյահոգեբանական նեցուկն ու բարքերի զտիչը: Այդ առաքելությանը հավատարիմ եղավ նաև Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին. այսօր մենք ավելի միասնական, միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող և սեփական ուժերի նկատմամբ ավելի վստահ ենք: Մենք պետք է կարողանանք ոչ միայն հարգել նախնյաց ստեղծած հավերժական արժեքներն ու հպարտանալ դրանցով, այլև մեր սերնդի հետքը թողնել ազգային մշակույթի պատմության մեջ, պետք է փորձենք նախնիների օրինակով ստեղծել հավերժական արժեքներ, որոնք կփոխանցվեն սերնդեսերունդ:
Աստված մեզ հետ, սիրելի ալավերդցիներ:
Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ
Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ