Սույնով հայտնում ենք, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական խմբի անունից հանդես եկող անձանց կողմից ս.թ. ապրիլի 25-27-ը կազմակերպված «Թեղուտի օրեր Մաշտոցի պուրակում» միջոցառման շրջանակներում տարածված թռուցիկում (այսուհետ՝ Թռուցիկ) տեղ են գտել ոչ հավաստի տեղեկություններ, անհիմն ենթադրություններ և ակնհայտ ապակառուցողական կոչեր:
Մասնավորապես՝ «Որոնք են հանքարդյունաբերական ազդեցությունները մարդու վրա» բաժնում նշված է.
– Հանքարդյունաբերությունն ազդում է մարդու առողջության վրա: Առաջանում են անոմալ ծնունդներ, անպտղություն, քաղցկեղ, շնչառական խնդիրներ, իմպոտենցիա
Չնայած այն հանգամանքին, որ այս վերացական հայտարարության անհեթեթությունը շատերի համար ակնհայտ է նաև առանց որևէ մեկնաբանության՝ Թռուցիկի այս հատվածի հեղինակին հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ հանքարդյունաբերությունը մարդու տնտեսական գործունեության կարևորագույն ոլորտներից է, որը առանցքային դերակատարում է ունեցել և այսօր էլ ունի քաղաքակրթության և մշակույթի պատմական զարգացման գործընթացում, և առանց հանքարդյունաբերության անհնար է պատկերացնել մարդկության հետագա գոյատևումն ընդհանրապես: Բնապահպանական տեսանկյունից անընդունելի և մարդու առողջության համար վտանգավոր կարող է համարվել ոչ թե տնտեսության այս կամ այն ոլորտն ինքնին, այլ կոնկրետ գործելակերպը՝ անկախ ոլորտից: Համապատասխան բնապահպանական նորմերը չպահպանելու դեպքում զբոսաշրջային, գյուղատնտեսական, հյուրանոցային և այլ գործունեությունը նույնպես վտանգավոր է շրջակա միջավայրի և մասնավորապես՝ մարդկանց առողջության համար:
Հայաստանի տնտեսական կյանքում կարևորագույն առաքելություն ունեցող տնտեսական ոլորտը լայն հասարակության աչքում նսեմացնելու փորձը՝ հոգեբանական ներազդումը խորացնելու նպատակով տարաբնույթ հիվանդությունների թվարկմամբ համալրված, մենք գնահատում ենք որպես խառնակչության տարրեր պարունակող անթույլատրելի քարոզչական գործողություն:
Թռուցիկի նույն բաժնում նշված է.
– Գետի կիրճում թափվող թունավոր թափոնը ներծծվելու է հողի մեջ և աղտոտի ստորգետնյա ջրհոսքերը
– Հանքի պայթյուններից բարձրացող փոշին տարածվելու է ամբողջ գյուղում
Այս առնչությամբ ևս մեկ անգամ հայտնում ենք, որ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծով նախատեսված լուծումները բացառում են արտադրական ջրերի որևէ արտահոսք շրջակա ջրային միջավայր:
Հորատա-պայթեցման եղանակով իրականացվելու է հանքավայրի մշակման աշխատանքների փոքր մասը, իսկ ապարների մակաբացման հնարավորինս մեծ մասն իրականացվելու է մեխանիկական փխրեցմամբ, ինչը ենթադրում է արտանետումների քանակի զգալի նվազեցում: Նախագծով նախատեսված են նաև այլ միջոցառումներ փոշիների՝ թույլատրելի սահմանային խտությունները գերազանցող արտանետումները կանխելու ուղղությամբ:
Աշխատանքային նախագծում կիրառված լուծումների արդյունավետությունը ռացիոնալ հիմքերով մինչ օրս չի վիճարկվել որևէ մեկի կողմից: Լեռնահանքային համալիրի կառուցման աշխատանքներն իրականացվում են նախագծին խստորեն համապատասխան, ինչում առարկայորեն համոզվելու հնարավորություն ունեցել է և ունի ցանկացած շահագրգիռ անձ: Թունավոր թափոնների արտահոսքերի և փոշիների տարածման մասին ենթադրություններն այդ պայմաններում բացարձակապես անհիմն են:
Թռուցիկի նույն բաժնում նշված է.
– Թեղուտի բնակիչը ստանալու է 65000-70000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ հարուստ բնական ռեսուրսի շահույթը փոխանցվելու է անհայտ բաժնետիրոջը կամ բաժնետերերին
Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման մեջ ներգրավված աշխատողների միջև ինչպես աշխատավարձերի որոշման, այնպես էլ որևէ այլ հարցում մասնագիտական որակների հետ չկապված և (կամ) ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված որևէ հիմքով խտրականություն չի եղել և չի լինելու: Առավել քան անհեթեթ է պնդումն այն մասին, որ այդպիսի խտրականություն է լինելու ի վնաս Թեղուտի բնակիչների: «Թեղուտ» ՓԲ ընկերությունում միջին աշխատավարձը 2012 թ. փետրվարի ցուցանիշներով կազմում է 170.000 ՀՀ դրամ:
«Թեղուտ» ՓԲ ընկերության բաժնետերերի մասին տեղեկատվությունը մշտապես թափանցիկ և մատչելի է եղել լայն հասարակայնության համար: Այդ տեղեկատվությունը «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան տրամադրվել է համապատասխան պետական լիազոր մարմնին և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ մատչելի է ցանկացած անձի:
Թռուցիկի նույն բաժնում նշված է.
– Հանքը գտնվում է սեյսմիկ գոտում և այդ տարածքում թունավոր թափոնների տեղակայումը շատ վտանգավոր է
Այս առնչությամբ ևս մեկ անգամ հայտնում ենք, որ Թեղուտի լեռնահանքային համալիրի բոլոր կառույցները նախագծվել և կառուցվում են տարածքի սեյսմիկ բնութագրերի հաշվառմամբ:
Թռուցիկի «Որոնք են Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի շահագործման հետևանքները» բաժնում նշված է.
– Կոչնչանա 375 հա անտառ (հավասարազոր է մոտ 650 հատ ֆուտբոլի դաշտի)
Լեռնահանքային համալիրի ստեղծման ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ ծառահատումները, ծրագրի իրականցման մոտ 70 տարիների արդյունքում, կընդգրկեն 357 հա տարածք: Անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցման նպատակով «Թեղուտ» ՓԲ ընկերությունը մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել է անտառապատման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է անտառապատման աշխատանքների իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա 357 հա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Ընդ որում, ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա:
Անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 75 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն և Արջուտ համայնքների վարչական սահմաններում գտնվող շուրջ 205 հա գումարային մակերեսով տարածքներում:
Ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով ծառատունկեր իրականացվել են նաև հասարակական կարգով:
Թռուցիկի նույն բաժնում նշված է.
– Կվերանան տարածքում հայտնաբերված Քուր-Արաքսյան քաղաքակրթության հետքերն ու պատմամշակութային տասնյակ հուշարձաններ
Ցանկացած տնտեսական գործունեություն ենթադրում է շրջակա մշակութային միջավայրի վրա որոշակի ազդեցություն: ՀՀ տարածքում որևէ տնտեսական ծրագրի իրացման գոտում հայտնված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, պահպանության, տեղափոխման և այլ խնդիրները կարգավորվում են «Պատմության մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ (այսուհետ՝ Օրենք), օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:
Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովելու նպատակով կատարվող գործողությունները կարգավորվում են հետևյալ իրավական ակտերով՝ Օրենք, ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին N 1278-Ն որոշում (այսուհետ՝ Որոշում) և Օրենքի ու Որոշման (19-րդ կետ) հիման վրա մշակված ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի հուլիսի 4-ի թիվ 416- Ա հրամանով հաստատված Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր):
Հիմք ընդունելով Ծրագիրը՝ հանքավայրը շահագործող ընկերության ֆինանսական միջոցներով՝ մասնագիտացված ընկերության կողմից սկսած 2008 թվականից իրականացվել են Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի և դրա շահագործման կազմակերպման նպատակով կառուցվելիք լեռնահարստացուցիչ համալիրի տարածքի պատմամշակութային հուշարձաններով զբաղեցված տարածքների տեղահանութային հատակագծերի կազմման աշխատանքներ:
Ծրագրով ղեկավարվելով՝ հանքավայրը շահագործող ընկերության ֆինանսական միջոցներով՝ սկսած 2009 թվականից ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ն իրականացնում է «Թեղուտի հանքավայրի իրացման գոտում հայտնված պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնասիրության և պեղումների» ծրագրով նախատեսված աշխատանքներ:
Մասնագիտացված այդ կազմակերպությունը հանքավայրը շահագործող ընկերության ֆինանսական միջոցներով իրականացրել և իրականացնում է կոնսերվացման և մթնոլորտային վնասակար ազդեցություններից պաշտպանման համար անհրաժեշտ ծածկերի նախագծերի մշակում, վկայագրերի ու պահպանության գոտիների կազմում այն հուշարձանների համար, որոնք հայտնաբերվել են հնագիտական ուսումնասիրությունների և պեղումների արդյունքում: Այդ աշխատանքները ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով կիրականացվեն նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ընթացքում պատմամշակութային նոր հուշարձաններ հայտնաբերելու դեպքում՝ Օրենքով նախատեսված կարգով մշակվելու է յուրաքանչյուր կոնկրետ հուշարձանի անձնագիրը, որում սահմանվելու է հուշարձանի հետագա ճակատագիրը:
«Վալլեքս» խմբի ընկերությունները վերոնշյալ պայմանագրերի շրջանակներում ներգրավված են որպես ֆինանսավորում ապահովող կողմ, իսկ աշխատանքների որակի և խորության նկատմամբ ընթացիկ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ պետական լիազոր մարմնի կողմից: Ծրագրով նախատեսված աշխատանքներ կատարող ընկերությունն ուսումնասիրությունների արդյունքների մասին, ըստ պայմանագրով սահմանված ժամանակացույցի, պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ:
Թեղուտի լեռնահարստացուցիչ համալիրի ապագա պոչամբարի տարածքում առկա է նաև հուշարձան, որն Օրենքով սահմանված կարգով ենթակա է տեղափոխման և վերականգնման: Օրենքով սահմանված կարգով կազվել է տեղափոխման և վերականգման նախագիծ, որը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում և հավանության է արժանացել:
Մասնագետների հավաստմամբ՝ Թեղուտում լեռնահանքային համալիրի կառուցման ծրագիրը շրջակա պատմամշակութային միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումների առումով համապատասխանում է աշխարհի ամենաառաջադեմ չափանիշներին: Ինչպես ակնհայտ է դառնում վերոշարադրյալից՝ Թռուցիկում պատմամշակութային հուշարձանների վերացման մասին հայտարարությունը ևս բացարձակապես անհիմն է:
Ի լրումն վերը մեջբերվածների՝ Թռուցիկը պարունակում է իրականության նաև այլ խեղաթյուրումներ և պրովակացիոն բնույթի կոչեր, որոնց վերաբերյալ պատրաստակամ ենք, ըստ անհրաժեշտության, տալ լրացուցիչ պարզաբանումներ: