Թեղուտի պաշտպանության խմբի (Teghut Defense Group) նախաձեռնությամբ Վրաստանի կանաչ այլընտրանք (Green Alternative) կազմակերպության հետ համատեղ կազմակերպված կոնֆերանսի շրջանակներում 2010 թ. դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ այցելություն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածք:
Կոնֆերանսի կազմակերպիչների հրավերով` այցելությանը մասնակցում էին ինչպես հայաստանյան, այնպես էլ վրաստանյան ԶԼՄ ներկայացուցիչներ: Այցելության մասնակիցները (շուրջ 20 մարդ) պատշաճ հրահանգավորումից հետո «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնագահ Արթուր Մկրտումյանի, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանի և այլ աշխատակիցների ուղեկցությամբ եղան հանքավայրի տարածքի այն տեղամասերում, որոնք այցելելու ցանկության վերաբերյալ նախապես տեղեկացրել էին, ինչպես նաև այն տեղամասերում, որոնք այցելելու ցանկության մասին հայտնեցին տեղում: «Վալլեքս» խմբի ընկերությունների ներկայացուցիչները այցելության ընթացքում մասնակիցներին մանրամասն ներկայացրեցին հանքավայրի շահագործման նախագծով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքը, ապագա կոմբինատում ներդրվելիք տեխնոլոգիաների առանձնահատկությունները, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը և դրա կանխարգելմանը կամ նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումները:
Հանքավայրի տարածքում շրջելուց հետո այցելության մասնակիցների համար «Թեղուտ» ՓԲԸ վարչական շենքում կազմակերպվեց քննարկում «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի մասնակցությամբ, որի շրջանակներում մասնակիցներն առանց ժամանակային կամ այլ սահմանափակման հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց մտահոգող հարցերը և ստանալու դրանց պատասխանները: Մասնավորապես` Վրաստանից ժամանած մասնակիցների համապատասխան հարցի պատասխանում հիմնավորվեց, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը չի ենթադրում անդրսահմանային որևէ ազդեցություն շրջակա միջավայրի վրա:
Դեկտեմբերի14-ին, ք. Երևանի Կոնգրես հյուրանոցում կազմակերպված քննարկմանը մասնակցեց «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, ով նախ ներկայացրեց Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման անվտանգությանն առնչվող տեսանկյունները, ապա անդրադարձավ այն թերություններին և բացթողումներին, որոնք տեղ են գտել կոնֆերանսի փաստաթղթերում: Մասնավորապես` կոնֆերանսի փաստաթղթերում որևէ ակնարկ չկա այն մասին, որ անտառահատումների վնասի փոխհատուցման նպատակով ընկերությունն իրականացնում է ծրագիր, որը նախատեսում է կրկնակի գումարային մակերեսով տրածքներում (714 հա) անտառապատման աշխատանքներ, և ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել ապահովել այդ տարածքներում խնամքի աշխատանքներ մինչ անտառային էկոհամակարգի ձևավորման համար բավարար նախադրյալների ձևավորումը: Կազմակերպիչների ընձեռած հնարավորության շրջանակներում Գագիկ Արզումանյանը պատասխանեց ներկաների բարձրացրած հարցերին և հնչեցրած ելույթներին:
«Վալլեքս» խմբի ընկերությունները, իրենց գործունեության տեղեկատվական թափանցիկության քաղաքականության շրջանակներում կարևորելով նմանատիպ միջոցառումներին պատշաճ մասնակցությունը, մշտապես համարժեք են արձագանքում այդպիսի հրավերներին և հնարավորության սահմաններում նպաստում դրանց կառուցողական ընթացքին: