Վերջին 20 տարիների ընթացքում համաշխարհային պղնձի սպառումը կրկնապատկվել է, և ըստ կանխատեսումների այս միտումը շարունակվելու է: Մեկ հետաքրքիր օրինակ՝ եթե ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների էլեկտրական համակարգի համար անհրաժեշտ էր մոտ 20-30 կգ պղինձ, ապա «կանաչ» կամ էլեկտրական շարժիչով մեքենաների համար պահանջվում է մոտ 120-150 կգ պղինձ:

«Թեղուտ» ՓԲ Ընկերության լեռնահանքային համալիրը կառուցվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հիման վրա: Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագիրը ստացվել է 2001 թ.՝ մրցութային կարգով: Պզնձի արտադրությունը տեղի է ունենում մի քանի փուլով – հանքաքարի արդյունահանում, հարստացում և պղնձի խտանյութի արտադրությունը, այնուհետ պղնձի խտանյութի վերամշակում և վերջապես մաքուր պղնձի ստացում:

Թեղուտ ՓԲ Ընկերությունը զբաղվում է բացահանքի շահագործմամբ և պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտադրությամբ: Բացահանքի շահագործման և արտադրության յուրաքանչյուր փուլում կիրառվում են արդի տեխնոլոգիաներով լուծումներ և սարքավորումներ, որոնք ապահովում են և տնտեսական շահի ստացումը, և շրջակա միջավայրի պահպանությունը:

2014 թ. դեկտեմբերի 20-ին ազդարարվել է լեռնահանքային համալիրի արտադրական գործընթացի պաշտոնական մեկնարկը: Կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար, որի հիմնական մասն ուղղվել է լեռնային տեխնիկա, ֆաբրիկայի և այլ սարքավորանք ձեռք բերմանը, շինարարական-մոնտաժային, մակաբացման և այլ նախապատրաստական աշխատանքներին, բնապահպանական միջոցառումների իրականացմանը:

Համալիրի հիմնական համակարգային միավորներն են բացահանքը, հարստացուցիչ ֆաբրիկան և պոչանքային տնտեսությունը: