Երկրաբանության լաբորատորիայի կողմից կատարվող աշխատանքներից են` հանքավայրերի շահագործական հետախուզման մեթոդների և նորմատիվների մշակումը, երկրաբանատեխնոլոգիական քարտեզագրումը և հանքաքարերի արդյունաբերական տիպավորումը, տեխնոլոգիական գործընթացների օպտիմալացման նպատակով հանքաքարերի և հանքաբեր ապարների արդյունահանման լեռնա-երկրաբանական և լեռնատեխնիկական պայմանների, պետրոֆիզիկական բնութագրերի ուսումնասիրումը, հանքավայրերի ձևավորման և տեղաբաշխման օրինաչափությունների հաստատման նպատակով հանքավայրերի և հանքային դաշտերի երկրաբանակառուցվածքային և երկրաբանաքիմիական ուսումնասիրումը` երկրաբանա-երկրաքիմիական մոդելների մշակմամբ, ոչ մետաղային հումքի կառուցվածքաֆազային, քիմիական և ֆիզիկաքիմիական առանձնահատկությունների հետազոտումը և դասակարգումն ըստ կիրառման ոլորտների:
Երկրաբանության լաբորատորիան նաև իրականացնում է հանքավայրերի հետախուզված պաշարների համալիր երկրաբանա-տնտեսական գնահատում և պաշարների հաշվարկի ու վերահաշվարկի համար կոնդիցիաների տեխնիկա-տնտեսական հիմնավորում:
Կատարված աշխատանքներ
Երկրաբանության լաբորատորիան կազմել է Հայաստանի Քաջարանի, Ալավերդու, Ագարակի, Կապանի, Թեղուտի, Լիչքվազ-Թեի, Տերտերասարի, Մարցիգետի, Ազատեկի հանքավայրերի հանքաքարերի, ինչպես նաև Վեժնալիի և Դագ-Քյասամանիի (Ադրբեջան), Մեհմանայի և Դրմբոնի (Լեռնային Ղարաբաղ) հանքավայրերի կոնդիցիաների տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Հաշվարկել է Քաջարանի, Կապանի, Սոտքի, Թեղուտի, Լիչքի և Ազատեկի հանքավայրերի պաշարները:
Ոսկու (Սոտք, Քանիմանսուր (Տաջիկստան)), պղնձամոլիբդենային (Քաջարան, Ագարակ), պղնձի (Կապան, Շամլուղ, Մադնեուլի (Վրաստան)), բազմամետաղային (Սադոնյան խումբ (Հյուսիսային Կովկաս)) հանքավայրերում մշակել է շահագործական հետախուզման մեթոդներ և նորմատիվներ:
Մշակել է հորատհանուկային և շլամային նմուշառման համար ավտոմատացված նմուշառիչներ, որոնք ներդրված են Հայաստանի հանքարդյունահանող ձեռնարկություններում, ինչպես նաև Մադնեուլիի (Վրաստան) և Քանիմանսուրի (Տաջիկստան) հանքավայրերում: