Ակնկալվում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը լիովին կսկսվի 2013թ.-ին։ Եթե հաշվի առնենք, որ այդ գործընթացը սկսելու համար այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, ապա որքանո՞վ է այդ ժամկետը իրատեսական, և ծրագրով նախատեսված աշխատանքների ո՞ր մասն է արդեն իրականացվել։
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսված էր ապրանքային արտադրանքի թողարկում դեռևս 2012 թվականին: Սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով, ինչպես հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնող բազմաթիվ այլ ընկերություններ ամբողջ աշխարհում, «Թեղուտ» ՓԲ ընկերությունը նախատեսված ֆինանսական մուտքերը ժամանակին ապահովելու հետ կապված խնդիրներ ունեցավ: Ժամանակավոր ֆինանսական դժվարությունների հնարավոր ազդեցությունը հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքի վրա նվազագույնի հասցնելու նկատառումով մենք որոշակիորեն փոփոխեցինք ծրագրային միջոցառումների հերթականությունը՝ ժամանակագրորեն նախապատվություն տալով առավել ժամանակատար և միաժամանակ նվազ ծախսատար բաղադրիչներին:
Անցած ժամանակահատվածում Թեղուտում կառուցվել են մոտ 65 կմ ընդհանուր երկարությամբհիմնական և ժամանակավոր ճանապարհներ, բետոնախառնիչ հանգույց և համապատասխան ջարդման արտադրամաս, ժամանակավոր օգտագործման տարբեր պահեստներ, ժամանակավորհանրակացարան և հիմնական հանրակացարանի 5 հարկանի շենքը, անցկացվել են շուրջ 25 կմերկարությամբ բարձր լարման էլեկտրահաղորդման գծեր: Ինտենսիվ շինարարական աշխատանքներ են տարվում ապագա հարստացուցիչ ֆաբրիկայի որոշ հատվածներում:
Լցակույտային և պոչային տնտեսությունները բնական ջրհոսքերից մեկուսացնելու նպատակովկառուցվել են ջրհեռացման թունել, բաց ջրանցքներ: Գումարային իրականացվել են շուրջ 2 մլն մ3 հողային և շուրջ 56 հզ. մ3 բետոնային և երկաթբետոնային աշխատանքներ:
Ժամանակացույցից մեծ շեղումներ չունենալուն որոշակիորեն կնպաստի նաև այն հանգամանքը, որ հանքահարստացուցիչ ֆաբրիկայի՝ արտադրության առումով առավել երկար ժամանակ պահանջող սարքավորումների մատակարարման պայմանագիրը (մոտ 45 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ)՝ այդ ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի հետ, մենք կնքել ենք դեռևս 2008 թվականին: Նախատեսվում է, որ արդեն իսկ այս տարվա ընթացքում կլինեն ինչպես այդ սարքավորումների, այնպես էլ, այլ պայմանագրի շրջանակներում, բացահանքում աշխատանքի համար նախատեսվող տեխնիկայի մատակարարումներ:
Գոհունակությամբ կարող եմ նշել, որ մեզ հաջողվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունից զերծ պահել այն ծրագրային միջոցառումները, որոնք կապված են հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող անտառահատումներով անտառային տնտեսությանը հասցվող վնասի փոխհատուցման և հանքավայրի տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ: Ինչպես Ձեր լրատվամիջոցին առիթ ենք ունեցել հայտնելու նաև նախկինում ՝մենք մշակել և ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ համաձայնեցրել ենք անտառապատման ծրագիր, որովնախատեսվում է հատման ենթակա 357 հա անտառի կրկնակի մակերեսով տարածքներում անտառապատման և անտառի ձևավորման համար անհրաժեշտ խնամքի և այլ աշխատանքներիիրականացում: Անցած ժամանակահատվածում հատվել է մոտ 60 հա անտառ, զուգահեռաբար անտառապատում և խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող և Լեռնահովիտ համայնքների սահմաններում գտնվող մոտ 140 հա տարածքներում: Մշակվել է աշխատանքային նախագիծ, որով նախատեսվում է անտառապատման աշխատանքների իրականացում ևս 80 հա մակերեսով տարածքներում՝ կրկին Լոռու մարզում՝ Օձուն և Արջուտ համայնքների սահմաններում: Անտառապատմանաշխատանքներն իրականացվել են «Թեղուտ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ՝ մրցութային կարգով ընտրված մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Հետաքրքիր արդյունքներ ունենք նաև հանքավայրի տարածքում հայտնված պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովելու միջոցառումների ծրագրով կատարվող աշխատանքներում: Դարձյալ մեր ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից իրականացվող պեղումների և այլ հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են հուշարձաններ, որոնց հետ կապված որևէ տեղեկատվություն նախապես չկար, և հուշարձանների բովանդակային հարստության ու վաղեմության առումով՝ նույնիսկ նման ակնկալիքներ չկային:
Եթե ելնենք հանքավայրի շահագործման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքների տեմպերից և մատակարարների հետ հարաբերությունների շրջանակներում ամրագրված ժամկետներից, ապա իրատեսական է ապրանքային խտանյութի առաջին խմբաքանակի թողարկումն 2013 թվականի երկրորդ կեսին:
Այս պահի դրությամբ որքա՞ն գումար է արդեն ներդրվել, և Ձեր նշած աշխատանքներնիրականացվել են սեփական միջոցների հաշվի՞ն, թե՞ վարկային ռեսուրսների։ Ի՞նչ ընթացքում է ՎՏԲ բանկից վարկի ստացումը:
Ինչպես Ձեզ հավանաբար հայտնի է, Թեղուտի ծրագրի շրջանակներում նախատեսվող կապիտալ ներդրումների ծավալը կկազմի ավելի քան 320 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման ուղղությամբ մենք արդեն կատարել ենք ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալովներդրումներ, որոնց մի մասն ուղղվել է վերոնշյալ սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերմաննպատակով կանխավճարների իրականացմանը, մյուս մասը՝ նախապատրաստական աշխատանքներին, որոնք իրականացվում են հենց տարածքներում: Ծրագիրը ներկայումս ֆինանսավորվում է ինչպես ներքին ռեսուրսներով, այնպես էլ՝ վարկային միջոցներով (այլ աղբյուրների թվում՝ նաև ՎՏԲ բանկից ստացվող): («Կապիտալ» օրաթերթ)