2013թ. «Վալլեքս» խմբի ընկերությունների համար եղել է հագեցած աշխատանքային տարի: Ընկերություններից յուրաքանչյուրի համար տարին առանձնացել է յուրովի:
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը ծավալուն շինարարական և մոնտաժային աշխատանքներ է կատարել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ուղղությամբ: Լեռնահանքային համալիրն արդեն մոտ է պատրաստականության այն մակարդակին, որին հետևելու է արտադրանքի թողարկումը: «Վալլեքս» խմբի արժեհամակարգում կարևորվում են նաև «Թեղուտ» ՓԲԸ այն ձեռքբերումները, որ 2013թ. ընթացքում գրանցվել են շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի անվտանգության և շահագրգիռ հանրության հետ առողջ երկխոսության տեսանկյուններից ծրագրի իրականացումը միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխանեցնելու գործընթացում: Այս ճակատում հաջողությունների մասին ընկերությունն ունի համոզիչ փաստարկներ՝ ամրապնդված միջազգային ընդգրկումով ոլորտում հեղինակություն վայելող կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերով: Մասնավորապես՝ «Արտահանման վարկավորման հիմնադրամ» Դանիայի պետական գործակալության (Eksport Kredit Fonden, կրճատ՝ EKF) կողմից տարբեր փորձագիտական խմբեր են ուղարկվել Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի տարածք, աշխատանքների ընթացքը տեղում դիտարկվել է, ուսումնասիրվել են նախագծային փաստաթղթերը և արդեն կառուցված օբյեկտները: Արդյունքում՝ շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի անվտանգության և շահագրգիռ հանրության հետ առողջ երկխոսության տեսանկյուններից ծրագրի իրականացումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից առաջադրված չափորոշիչներին համապատասխանեցնելու ուղղությամբ ընկերության ջանքերն ու գործողությունները համարվել են բավարար, և դանիական PensionDanmark կենսաթոշակային հիմնադրամը որոշել է «Արտահանման վարկավորման հիմնադրամ» Դանիայի պետական գործակալության միջոցով շուրջ 350 մլն դանիական կրոն ծավալով ֆինանսավորում մատչելի դարձնել «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության համար: Այս իրադարձության մասին երկու կազմակերպությունները համատեղ մամուլի հաղորդագրություն են տարածել 2013թ. օգոստոսի 20-ին:
«Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության համար անցնող տարին նշանավորվել է Արցախի Մարտակերտի շրջանում Կաշենի նորահայտ պղինձ-մոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման և այդ հանքավայրի բազայի վրա նոր, ավելի հզոր ու ժամանակակից լեռնահանքային համալիրի կառուցման մեկնարկով: Հանքաքարի արդյունահանման աշխատանքները Կաշենում սկսվել են անցած տարվա մայիսից: Տարեվերջի դրությամբ արդյունահանման ծավալը հասցվել է ամսական մինչև 60,000 տոննա հանքաքարի: Կապիտալ նորոգվել և շահագործման են հանձնվել Կաշենը Դրմբոնին կապող երկու ճանապարհները, որոնք հնարավորություն են տալիս օրական մինչև 2,000 տոննա հանքաքար 24 ժամյա ռեժիմով Կաշենից տեղափոխել Դրմբոն:
Արդյունահանվող հանքաքարի հնարավորինս մեծ մասը մշակելու նպատակով հարստացուցիչ ֆաբրիկայի տարեկան արտադրողականությունը գրեթե կրկնակի ավելացվեց՝ 350,000 տոննայից՝ հասցվելով 600,000 տոննայի: Սակայն, չնայած արտադրական հզորությունների ավելացմանը, արտադրական այս սխեման ժամանակավոր է, և գործելու է մինչ այն պահը, երբ կգործարկվի Կաշենի հանքավայրի բազայի վրա կառուցվող նոր ժամանակակից հարստացուցիչ ֆաբրիկան: Նոր ֆաբրիկայի շինարարության նախապատրաստական աշխատանքները սկսված են: Հանքավայրում և շրջակա համայնքներում ընդհանուր առամամբ կառուցվել են շուրջ 50 կմ ճանապարհներ: Կառուցվել են հանրակացարանային մասնաշենք, գրասենյակներ, ճաշարան, լվացքատուն: Ընթացքի մեջ է ավտոտրանսպորտի հավաքակայանի և նորոգման արհեստանոցների շինարարությունը: Կաշենի հանքավայրում հանքաքարի հաստատված պաշարները գերազանցում են հիսուն միլիոն տոննան, սակայն ակնկալվում է, որ շարունակվող երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում այդ պաշարները դեռ կավելանան:
Անցնող տարում սկսվել է նաև Արցախի մայրաքաղաքում կառուցված «Վալլեքս Գարդեն Հոթել» մարզաժամանցային հյուրանոցային համալիրի ամբողջական շահագործումը: Տարվա ընթացքում կայուն ցուցանիշներով են գործել «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը և Ալավերդու պղնձաձուլական գործարանը:
Արցախում և Հայաստանում «Վալլեքս» խմբի ընկերությունների ընդհանուր ներդրումները 2013թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ կազմել են շուրջ 430 մլն ԱՄՆ դոլար, որից 2013թ. ընթացքում շուրջ 109 մլն ԱՄՆ դոլար: Այդ ցուցանիշում ամենամեծ վաստակը, բնականաբար, ունի «Թեղուտ» ՓԲ ընկերությունը, որն անցնող տարում կատարել է շուրջ 79 մլն ԱՄՆ դոլար ծավալով ներդրում՝ լեռնահանքային համալիրի ստեղծման ուղղությամբ ծախսերի ընդհանուր ցուցանիշը հասցնելով շուրջ 275 մլն ԱՄՆ դոլարի: Ներդրումների մյուս խոշոր մասն արցախյան «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությանն է, որն անցնող տարում կատարել է շուրջ 28 մլն ԱՄՆ դոլար ծավալով ներդրում՝ իր ընդհանուր ցուցանիշը հասցնելով շուրջ 118 մլն ԱՄՆ դոլարի:
«Վալլեքս» խմբի ընկերություններում 2013թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ աշխատում է ավելի քան 3700 մարդ:
Միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գնային վարքը ռացիոնալ կանխատեսումների շրջանակներում մնալու դեպքում Թեղուտի և Կաշենի լեռնահանքային համալիրները նախագծային արտադրական հզորությունների հասնելուց հետո կսկսեն միասին տարեկան թողարկել շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական ծավալով արտադրանք՝ պղնձի և մոլիբդենի խտանյութեր: Այդ միջոցների զգալի մասը Հայաստանում և Արցախում ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների, վճարվող աշխատավարձերի, պետական բյուջեներ կատարվող վճարների ձևով կներմղվի տնտեսական կյանք և կնպաստի տնտեսության նաև այլ ոլորտներում ցուցանիշների բարելավմանը: Նախագծային հզորություններին հասնելուց հետո Կաշենի և Թեղուտի լեռնահանքային համալիրները միասին կարող են տարեկան թողարկել շուրջ 40,000 տոննա պղինձ խտանյութերում: Դա նշանակում է Հայաստանում և Արցախում ներկայում արդյունահանվող պղնձի քանակի ավելի քան կրկնապատկում: Այդ ցուցանիշն իրականություն դառնալու դեպքում առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ կարող է բավարար հումք լինել Հայաստանում ժամանակակից պղնձաձուլարան կառուցելու և շահագործելու համար:
Տնտեսական ծրագրերը, գաղափարներն ու երազանքները կյանքի կոչելու գործում «Վալլեքս» խմբի հիմնական հենարանը մարդկային ներուժն է, իր աշխատողների, գաղափարական համախոհների հավատը ծրագրերի հաջողության նկատմամբ և անձնվեր աշխատանքը: Անձնվեր աշխատանքի համար «Վալլեքս» խմբի կորպորատիվ բարձր պարգևներով 2013թ. պարգևատրվեցին «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության հորատապայթեցման աշխատանքների տեղամասի պետ Գեղամ Գառնիկի Շախկյանը, ընդհանուր հարցերի վարչության կապի և ցանցերի ծառայության պետ Վարուժան Գրետիկի Պապոյանը, «Վալլեքս Այ Թի» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Արշավիրի Մեժլումյանը: Կորպորատիվ պարգևների հանդիսավոր հանձնումը տեղի ունեցավ 2013 թ. դեկտեմբերի 28-ին՝ ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղում կազմակերպված «Վալլեքս» խմբի ամանորյա միջոցառման շրջանակներում: