«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն իր գործունությունն իրականացնում է բնապահպանական տեսանկյունից էական ռիսկեր պարունակող ոլորտում: Իր հիմնական արտադրական միավորի՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական անվտանգության ապահովման խնդիրը մշտապես եղել է ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգում: Պղնձաձուլական գործարանի աշխատանքը շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու և կայուն, ինքնահարատ զարգացման սկզբունքներին լիարժեքորեն համապատասխանեցնելու իրատեսական ուղիներ բացահայտելու նպատակով ընկերության նախաձեռնությամբ և միջոցներով իրականացվել են մի շարք հետազոտություններ և ուսումնասիրություններ:
Զգալի աշխատանքներ են կատարվել օդային ավազան արտանետումների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցնելու ուղղությամբ: Դեռևս 2003թ. հաստատվել է բնապահպանական միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում կատարվել են մի շարք քայլեր: Մասնավորապես՝ յուրաքանչյուր կոնվերտերի հետ միաժամանակ երկու ցիկլոններ շահագործելու շնորհիվ հնարավոր եղավ մեծապես նվազեցնել ծծմբային գազերի չկազմակերպված արտահոսքը և ավելացնել հավաքվող ու կրկնակի վերամշակվող փոշու քանակը: 2005թ. ցիկլոնների վրա տեղադրվել է փոշու պարբերաբար բեռնաթափման համակարգ, իրականացվել են գազերի չկազմակերպված արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումներ, որոնց արդյունքում ընդհանուր արտանետումների մեջ գազերի անկազմակերպ արտահոսքի տեսակարար կշիռը նվազել է մինչև 3%, այդուհետ ծծմբային գազերի նշանակալից ծավալներով արտանետման միակ աղբյուրը ծխնելույզն է:
Արտանետվող գազերի՝ շրջակա միջավայրի վրա Ալավերդու պղնձաձուլական գործարանի բացասական ազդեցությունը պայմանավորող հիմնական գործոնը դրանցում ծծմբային անհիդրիդի առկայությունն է: Այդ խնդիրը հնարավոր չէ լուծել գազազտիչներով (ֆիլտրերով) իրականացվող մեխանիկական զտմամբ: Ծծմբային անհիդրիդ պարունակող գազերի վնասազերծման այսօր հայտնի տեխնոլոգիաները ենթադրում են կամ դրա չեզոքացում որևէ ազդանյութի կիրառմամբ, կամ ծծմբային անհիդրիդի օգտահանմամբ երկրորդային ապրանքային արտադրանքի (ծծմբական թթու, տարրական ծծումբ և այլն) ստացում: Հնարավոր երկու սկզբունքային ուղղություններով էլ ընկերությունը որոշակի գործունեություն է ծավալել, սակայն խնդրի լուծման հնարավոր տարբերակների հետագա համակողմանի ուսումնասիրության արդյունքում գազերի վնասազերծման թվարկված եղանակները ընկերության համար համարվել է ոչ նպատակահարմար թե՛ տնտեսական, թե՛ բնապահպանական տեսանկյուններից:
Խնդրի արմատական լուծում ենթադրող իրատեսական այլընտրանքների բացակայության պայմաններում ընկերությունն ընտրեց արտանետման աղբյուրի՝ ծխնելույզի տեղափոխության տարբերակը: Սա բնապահպանական խնդրի թեև ժամանակավոր լուծում կարող է համարվել, սակայն միակ իրատեսական ծրագիրն էր, որը կարող էր համադրել Ալավերդի քաղաքում և հարակից բնակավայրերում սոցիալական աղետ թույլ չտալու և բնապահպանական իրադրության բարելավման հրամայականները: Իրականացված միջոցառման արդյունքում Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը 780 մ բացարձակ բարձրությունից տեղափոխվել է 1102 մ բացարձակ բարձրության վրա, որտեղ տեղադրվել է 18 մ բարձրությամբ, 2×3 մետր չափի բկանցքով ծխնելույզ: Նախկին՝ 100 մ բարձրությամբ ծխնելույզի համեմատությամբ՝ գազերն արտանետվում են 240 մ-ով ավելի բարձր կետից: Գազերի տեղափոխումը նախկին ծխնելույզի հարթակից իրականացվում է մոտ 920 մետր երկարությամբ նախածխանցքով: Նոր ծխատարը շահագործման է հանձնվել 2011 թվականին:
Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների, եթե մինչ նոր ծխնելույզի ու ծխատարի կառուցումը Ալավերդի քաղաքում ծծմբային անհիդրիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (խտությունը) գերազանցվում էր 10-12 անգամ, ապա 2011թ. հոկտեմբերից՝ ծծմբային անհիդրիդի ՍԹԿ-ի (սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի) գերազանցումը կազմում է առավելագույնը 2.5 անգամ: Նոր ծխատարի և ծխնելույզի շահագործման անցած ժամանակահատվածում արձանագրված արդյունքները փաստում են, որ Ալավերդի քաղաքի և հարակից բնակավայրերի վրա Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումների ազդեցության նվազեցման և այդ բնակավայրերում բնապահպանական ընդհանուր իրավիճակի բարելավման տեսանկյունից միջոցառումն առ այսօր եղել է արդյունավետ:
2016թ. մայիսից «Էյ-Սի-Փի» ՓԲ և չինական CITIC Construction Co. Ltd. (China CITIC Group պետական մասնակցությամբ կորպորացիայի դուստր կազմակերպություն) ընկերությունների միջև բանակցություններ են սկսվել Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու ուղղությամբ: Նախատեսվող պղնձաձուլարանը կիրառելու է աշխարհում այսօր կիրառվող ոլորտի ամենաառաջատար փորձը և տեխնոլոգիաները: Արտադրական ցիկլը ենթադրում է ողջ շղթան՝ հումքի վերամշակումից մինչև զտված պղնձի ստացում, իսկ հեռանկարում՝ զտված պղնձից պատրաստի իրերի արտադրություն: Նախագծի բյուջեն նախնական հաշվարկներով կազմում է 450-600 մլն ԱՄՆ դոլար, արտադրողականությունը՝ 100 հազ. տ մաքուր պղինձ:
Անշուշտ, նման մասշտաբային նախագծի իրականացման ճանապարհին ամենամեծ մարտահրավերը ևս հանդիսանում է ծծմբային գազերի չեզոքացումը՝ ծծմբական թթու, էլեմենտար ծծումբ արտադրելու կամ ուղղակի չեզոքացման եղանակով: Աշխատանքային խմբի կողմից քննարկվել են նշված բոլոր տարբերակաները և, համադրելով արտադարական, բնապահպանական, տնտեսական, ենթակառուցվածքային հնարավորությունները և ցուցանիշները, ծծմբային գազերի չեզոքացման եղանակ է ընտրվել գազերի ուղղակի չեզոքացումը կրաքարի միջոցով: Նման եղանակով հնարավոր է իրականացնել ծծմբային գազերի 98% և ավելի կորզում՝ ստանալով տեխնիկական գիպս:
Ծրագրի իրականացման համար հումք են ծառայելու Հայաստանի և Արցախի լեռնահանքային կոմբինատներում արտադրվող պղինձ պարունակող խտանյութերը, պատրաստի արտադրանքը՝ մաքուր պղնձի և (կամ) պատրաստի արտադրանքի տեսքով, իրացվելու է չինական կողմի մասնակցությամբ: