«Վալլեքս» խմբի ընկերությունները 2012 թ. փետրվարի 17-ին, ժամը 12:00-ին հրավիրել էին մամլո ասուլիս, որը տեղի ունեցավ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով գրասենյակում: Ասուլիսի շրջանակներում «Վալլեքս» խմբի ղեկավարությունը ԶԼՄ ներկայացուցիչներին ամփոփ ներկայացրեց խմբի ընկերությունների գործունեության արդյունքները, առաջիկա ծրագրերը և պատասխանեց նրանց կողմից տրվող հարցերին: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի մասնակիցներին տրամադրված հաղորդագրությունը:
«Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում իրենց գործունեությունը սկսել են շուրջ 15 տարի առաջ: Առաջին խոշոր ներդրմամբ վերականգնվեցին Ալավերդու պղնձաձուլական գործարանի որոշ արտադրական հզորություններ, և վերսկսվեց անզուտ պղնձի արտադրությունը Հայաստանում: Երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրն իրականացվեց Արցախում. կառուցվեց Դրմբոնի լեռնահանքային համալիրը, որը ստեղծման օրից դարձավ Արցախի տնտեսության առաջատարը: Ներկայումս ընթացքում է Թեղուտում լեռնահանքային համալիրի կառուցման ծրագիրը, որի ուղղությամբ արդեն իրականացվել է ավելի քան 130 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ ներդրումային փաթեթը գերազանցում է 320 մլն ԱՄՆ դոլարը:
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով 2008-2009 թթ. որոշակիորեն վերանայվեցին ռազմավարական ծրագրերի ժամանակացույցերը, սակայն իրականացված հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում հնարավոր եղավ պահպանել «Վալլեքս» խմբի համակարգային կառուցվածքն ու հետճգնաժամային փուլում աճ արձանագրել բոլոր էական ցուցանիշներով: 2011թ. արդյունքներով՝ «Վալլեքս» խմբում աշխատողների քանակը կազմել է 3050 մարդ (2009 թ. եղել է 2240 մարդ), համախառն եկամուտը՝ 183 մլն ԱՄՆ դոլար (2009 թ. եղել է 105 մլն ԱՄՆ դոլար): 2008-2011 թթ. ժամանակահատվածում «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում և Արցախում իրականացրել են շուրջ 165 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ: 2012 թ. առաջին երկու ամսում արդեն իրականացվել են ավելի քան 22 մլն ԱՄՆ դոլար ծավալով ներդրումներ:
Առաջիկա տարիներին «Վալլեքս» խմբի ընկերությունները ծրագրում են էականորեն ընդլայնել և զարգացնել տնտեսական գործունեությունը Հայաստանում և Արցախում: 2012 թ. «Վալլեքս» խմբի ներդրումներն Արցախում և Հայաստանում կգերազանցեն 150 մլն ԱՄՆ դոլարը, 2013 թ.՝ 115 մլն ԱՄՆ դոլարը: Պայմանավորված նոր արտադրահամալիրների կառուցման աշխատանքներով՝ 2012-2013 թթ. շեշտակիորեն կավելանա խմբի ընկերություններում աշխատողների քանակը: 2014 թ. «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կսկսի պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում իսկ «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությունն էականորեն կընդլայնի օգտակար հանածոների արդյունահանումը Արցախում: 2015 թվականին երկու ընկերությունների լեռնահարստացուցիչ համալիրներն արդեն կգործեն նախագծային լիարժեք հզորություններով: «Վալլեքս» խմբի ընկերությունները Հայաստանում և Արցախում միասին տարեկան կարդյունահանեն 10.25 մլն տոննա հանքաքար, կարտադրեն 155 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ 44 հազ. տոննա պղնձի ընդհանուր պարունակությամբ և ավելի քան 1.6 հազ. տոննա մոլիբդենի խտանյութ՝ ավելի քան 800 տոննա մոլիբդենի ընդհանուր պարունակությամբ: Խմբում հաստիքային աշխատողների քանակը 2015 թ. կգերազանցի 4000-ը, գումարային ներդրումների ծավալը Հայաստանի և Արցախի տնտեսություններում կկազմի շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար: