Ընկերության սոցիալական քաղաքականությունը բխում է «Վալլեքս» խմբի ընկերությունների սոցիալական քաղաքականության հայեցակարգից: Սոցիալական քաղաքականության ոլորտում ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝
- կազմակերպության ներսում վարվող սոցիալական քաղաքականություն (ներքին քաղաքականություն),
- ազդակիր համայնքների սոցիալական իրադրության բարելավում և շրջակա սոցիալական միջավայրի վերընթաց զարգացման նախադրյալների ապահովում (արտաքին քաղաքականություն):
Ներքին քաղաքականության սկզբունքներ.
- Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների լիակատար բավարարում:
Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ յուրաքանչյուր գործատու պետք է խստորեն պահպանի աշխատանքային օրենսդրության և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները, իսկ ողջամիտ հնարավորության դեպքում՝ ներքին իրավական ակտերով սահմանի աշխատողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմաններ, քան նախատեսված է օրենսդրորեն:
- Աշխատակցի հանդեպ մարդասիրական վերաբերմունք:
Աշխատողն ընկերությունում երբեք չի դիտարկվում որպես միայն վերացական աշխատուժ, որի հետ հարաբերությունները կարող են սահմանափակվել զուտ իրավական դաշտով, այլ ընկալվում է որպես կոնկրետ մարդ: Աշխատողների նկատմամբ վերաբերմունքը միտված է այն բանին, որ ի դեմս ընկերության՝ աշխատողը տեսնի իր և իր ընտանիքի ներկա և ապագա սոցիալական կայունության երաշխիքը: - Թիմային գիտակցության ձևավորում:
Մենք կարևորում ենք ընկերության աշխատանքային կոլեկտիվի ներքին միասնականության, աշխատողների միջև միջանձնային հարաբերությունների որակի շարունակական բարելավման, կոլեկտիվի անդամների կողմից ընդհանուր գործի, շահի և նպատակի ընկալման ապահովման խնդիրները: Ի լրումն աշխատողների շրջանում կորպորատիվ էթիկայի սկզբունքների տարածման ուղղությամբ աշխատանքների՝ աշխատողների միջև պատշաճ միջանձնային հարաբերությունների և թիմային գիտակցության ձևավորման նպատակով տարբեր տոների և այլ առիթներով պարբերաբար կազմակերպվում են կորպորատիվ մշակութային միջոցառումներ:
Արտաքին սոցիալական քաղաքականություն
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն ընկերությունը համարում է ժամանակակից աշխարհում գործարարության կարևոր նախապայման: Արտաքին սոցիալական քաղաքականության մեջ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի պետության և հասարակության առջև մեր՝ ներպետական օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը՝ ներառյալ բոլոր հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների իրականացումն ըստ համապատասխան բյուջեների: Բացի այդ, ընկերությունն ազդակիր համայնքների սոցիալական իրադրության շարունակական բարելավման ծրագրեր իրականացում է նաև սեփական նախաձեռնությամբ:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը չի սահմանափակվում դրվագային բարեգործությամբ, այլ ենթադրում է շրջակա սոցիալական միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ հետևողական գործունեություն: Թեև որոշ դեպքերում ընկերությունը սոցիալական օժանդակություն ցուցաբերում է նաև ուղղակիորեն, Լոռու մարզում «Վալլեքս» խմբի սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է «Մանես» բարեգործական հիմնադրամի միջոցով: Հիմնադրամը ստեղծվել է 2005թ. «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ` ՀՀ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական ծրագրերը համարժեք հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով:
Ընկերության սոցիալական քաղաքականության կարևոր սկզբունքներից է շրջակա սոցիալ-տնտեսականական միջավայրի վրա ընկերությունների գործունեության դրական ազդեցությունների ավելացումը և հնարավոր բացասական ազդեցությունների բացառումը կամ մեղմումը: Մեր գործունեության բոլոր փուլերում` նախագծումից մինչև կառուցում և շահագործում, մենք կարևորում ենք, թե ինչ տնտեսական նկարագիր ունի ազդակիր համայնքը և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր գործունեությունը ազդակիր համայնքի տնտեսական կյանքի վրա: Ընկերությունը միջոցներ է ձեռնարկել ապահովելու, որ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տարածքներում նախկինում գյուղատնտեսական գործունեություն ծավալած որևէ անձ Ընկերության գործունեությամբ պայմանավորված չզրկվի գյուղատնտեսական գործունեությունը շարունակելու հնարավորությունից:
Մենք իրականացնում ենք նաև ազդակիր համայնքների մշակութային կյանքին նպաստելուն կոչված ծրագրեր: Մասնավորապես` Հայաստանի մշակութային կյանքի համար բնութագրական մարզեր-մայրաքաղաք երկփեղկվածությունը հաղթահարելու և ՀՀ Լոռու մարզի ազգաբնակչությանը մշակութային անցուդարձին հաղորդակից դարձնելու ուղղությամբ:
«Մանես» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը 2016թ-ից ժամանակավորապես կասեցված են:
Սակայն 2016թ-ից «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից ուղղակիորեն և «Լոռվա լեռնագործների միավորում» արհեստակցական կազմակերպության միջոցով իրականացվում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր։