Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում կազմակերպում է հանդիպում ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և այլ համայնքների (որոնց ներկայացուցիչները կարող են Ընկերությունը դիտարկել որպես իրենց հնարավոր գործատու) մշտական և ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների և քաղաքապետարանների, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչների, Ընկերության աշխատողների, Ընկերության գործունեության տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերի, հայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանության մասնագետների, հասարակական ակտիվիստների, ԶԼՄ ներկայացուցիչների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ:
Հանդիպումը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում:
Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են.
1. Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի շահառուների ներգրավման պլանի լրամշակված տարբերակի նախագիծը:
2. Համայնքներից սննդամթերքի գնման ընթացակարգը:
3. Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի փակման պլանի նախագիծը:
4. Պտղատու այգիների հիմնման՝ «Մանես» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շարունակականության ապահովման հարցերը:
5. Այլ հարցեր:
Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ՝ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված և այլ հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ pr@vallex.com հասցեով:
Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մասնակցություն: