2012 թվականի ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս անցանկալի միջադեպ է տեղի ունեցել, որին ներգրավված են եղել «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ:
Միջադեպը հրահրողները եղել են ոգելից խմիչքների ազդեցության տակ: Միջադեպի արդյունքում որոշ անձիք (այդ թվում՝ «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցներ) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի տարածքային բաժնում նյութեր են նախապատրաստվում, ուստի մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով միջադեպի հանգամանքների պարզաբանումը մենք ձեռնպահ ենք մնում այդ կապակցությամբ մեկնաբանություններ ու գնահատականներ անելուց:
«Վալլեքս» խումբը և նրա ղեկավարությունը միշտ պայքարել և պայքարում են բոլոր տեսակի ապօրինությունների ու օրինախախտումների դեմ՝ անկախ դրանց կատարողներից ու դրսևորման եղանակներից: Մենք հետևողական ենք եղել և ապագայում ևս հետևողական ենք լինելու «Վալլեքս» խմբի անվան հետ առնչվող բոլոր իրավախախտումների, զանցանքների ու հանցանքների բազմակողմանի ու օբյեկտիվ լուսաբանման հարցում:
Միաժամանակ, բոլոր շահագրգիռ անձանց հորդորում ենք մինչև իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողությունների ավարտն ու հնարավոր մեղավորներին բացահայտելն ու պատասխանատվության ենթարկելը ձեռնպահ մնալ միջադեպի կապակցությամբ անհիմն ու մտացածին հայտարարություններ անելուց: