Հարգելի գործընկերներ, մետալուրգներ, հանքագործներ

Սիրելի ալավերդցիներ

Դեռևս հինգ հազար տարի առաջ մեր նախնիները, Լոռվա ձորում, Ալավերդու տարածքում պղինձ են ձուլել, քիմիական գործընթացներով բրոնզ ստացել, արտահանել, պղնձի միջոցով կապվել հեռավոր երկրների հետ, ապրել, արարել։ Անհիշելի այդ ժամանակներից պղնձագործությունն ու հանքագործությունը դարձել են տարածաշրջանի տնտեսական դիմագծի կարևոր բաղադրիչը, ինչի մասին վկայում են նաև անտիկ շրջանի պատմիչները, հնագիտական պեղումները։

Վերջին երկուհարյուր հիսուն տարվա ընթացքում էլ հանքափոր-մետալուրգի դժվարին, բայց պատվաբեր մասնագիտությունը համարվել է մեր գլխավոր գործը, դարձել տնտեսական զարգացման գլխավոր խթանը։ Չնայած Ալավերդիում ոլորտի դժվարություններին, այնուամենայնիվ, ցանկանում եմ շնորհավորել բոլոր նրանց, ում համար հանքագործությունն ու մետաղաձուլությունը շարունակում է համարվել պատվաբեր ու նախընտրելի գործ։

Հինգհազարամյա ավանդույթները դատարկ տեղում չեն ծնվել ու չեն կարող պարզապես անհետանալ։

Վստահ եմ, որ Ալավերդիում, Թեղուտում ու Ախթալայում կվերածնվի հինավուրց մեր մասնագիտությունը, հանքափորը կրկին հանք կմտնի, մետալուրգը կրկին պղինձ կարտադրի, սակայն այդ ամենը կուղեկցվեն նորագույն  գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ու գերժամանակակից սարքավորումներով, և գլխավորը՝ բնապահպանական առումով անվտանգ։

Կրկին անգամ շնորհավոր  հանքագործի ու մետալուրգի օրը։  

Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ