2015թ. նոյեմբերի 7-ին «Վալլեքս» խմբի «Թեղուտ» ՓԲ ընկերության նախաձեռնությամբ և «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվեց ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտների և մանկավարժական անձնակազմի ներկայացուցիչների ճանաչողական շրջայց Թեղուտի լեռնահանքային համալիր: Շրջայցին մասնակցում էին նաև ԵԿՄ Թումանյանի բաժանմունքի պատանի ակումբի սաները և Ռոլան Բիկով մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի ժյուրիի անդամները և այլ հետաքրքրված անձինք:
Միջոցառման մասնակիցներն այցելեցին բացահանք, հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար: Այցելության բոլոր օբյեկտներում տրվեցին պարզաբանումներ տվյալ օղակի գործառնության առանձնահատկությունների վերաբերյալ, պատասխանվեց տրվող հարցերին: Եղավ նաև այցելություն լեռնահանքային համալիրի տարածքում հայտնաբերված 13-րդ դարի հնձան, պարզաբանումներ տրվեցին այդ և համալիրի տարածքում հայտնաբերված այլ պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ միջոցառումների վերաբերյալ:
Շրջայցից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Քոբայրի վանական համալիր, որտեղ տեղի ունեցավ մոմավառության և ընդհանրական աղոթք: Վանական համալիրից խումբը մեկնեց ՀՀ Լոռու մարզի Թումանյան քաղաք, որտեղ ծաղիկներ դրվեցին Հովհաննես Թումանյանի հուշարձանին և հարակից տարածքում տնկվեց երկու խորհրդանշական եղևնի: Միջոցառումը շարունակվեց Թումանյան քաղաքի միջնակարգ դպրոցի հարակից տարածքում ծառատունկով. տնկվեց շուրջ 100 եղևնի:
Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ