Արձագանքելով վերջին շրջանում տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններին, մասնավորապես՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արեն Մկրտչյանի հրապարակային ելույթների ընթացքում հանրությանը մատուցվող «Վալլեքս» խմբի ընկերությունների գործունեության հետ առնչվող տեղեկատվությանը՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտնում են.
- Ողջունում ենք Ալավերդու պղնձաձուլական գործարանը ՀՀ կառավարությանը նվիրելու ՎՏԲ բանկի պատրաստակամության մասին Արեն Մկրտչյանի հայտարարությունը և հույս ունենք, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կանի նաև բանկը (Տես՝ 24TV, 16 հուլիսի 2019թ., հարցազրույց Արեն Մկրտչյանի հետ «ՎՏԲ բանկը պատրաստ է կառավարությանը նվիրել Ալավերդու պղնձաձուլական գործարանը»: Պատգամավորը «նվիրել» ասելով հավանաբար նկատի ունի գործարանի սեփականատեր «Էյ-Սի-Փի» ընկերության գույքի և բաժնետոմսերի նկատմամբ ՎՏԲ բանկի գրավի իրավունքները կառավարությանը զիջելը)։ Վստահ ենք, որ գործարանի հետագա ճակատագրի հետ կապված անորոշությունն արագ կհաղթահարվի ՎՏԲ բանկի գույքային իրավունքները ՀՀ կառավարությանը փոխանցելու դեպքում: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը ՀՀ Կառավարության հետ քննարկելու գործարանի աշխատանքը վերսկսելու կամ նրա հիմքի վրա նոր արտադրություն ստեղծելու ուղղությամբ համագործակցության հնարավորությունը։
. - Հղում կատարելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 4-ի 4-րդ կետի և ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի պահանջներին, կարծում ենք ՀՀ ԱԺ պատգամավորը դատական վեճ ունեցող տնտեսվարողների հարաբերությունների առկայության պայմաններում իր հրապարակային ելույթներում պետք է պահպանի չեզոքություն: Իրականությունը հօգուտ մի կողմի ներկայացնող, ինչպես և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները երկրի օրենսդիր մարմինը ներկայացնող անձի հրապարակմամբ կարող են անհամաչափ ազդեցություն ունենալ ինչպես դատական վեճերի իրավաչափ ընթացքի, այնպես էլ հանրային ճիշտ ընկալման վրա։
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին