ՀՀ Լոռու մարզպետարանի, Ալավերդու քաղաքապետարանի և «Վալլեքս» խմբի համատեղ նախաձեռնությամբ 2012 թ. հունիսի 5-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարության հանդիպումը Լոռու մարզի հանրակրթական հաստատությունների ավարտական դասարանների շուրջ 400 աշակերտների և շրջանավարտների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը, փոխնախագահ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանը, «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և uպորտի վարչության ներկայացուցիչը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, մանկավարժներ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով ներկաներին դիմելով՝ Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը կարևորեց մարզի խոշորագույն գործատու, տնտեսության առաջատար ընկերությունների ղեկավարների հետ շրջանավարտների անմիջական շփման և երկխոսության հնարավորությունը մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն առավել լավ պատկերացնելու և ապագա մասնագիտության ընտրությունն առավել հիմնավորված կատարելու տեսանկյունից:

Մասնակիցներին հանգամանորեն ներկայացվեցին «Վալլեքս» խմբի ընկերությունների տնտեսական ծրագրերը ՀՀ Լոռու մարզում, որին հաջորդեց շրջանավարտների հետ ակտիվ երկխոսությունն ու հարցուպատասխանը: «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարներին ուղղված հարցերի հիմնական մասը վերաբերում էր խմբի ընկերություններում աշխատանքի ընդունվելու պայմաններին և առաջիկայում ստեղծվելիք աշխատատեղերի բնութագրերին: Եղան նաև ընկերությունների գործունեության բնապահպանական տեսանկյուններին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ ևս ներկայացվեցին սպառիչ պարզաբանումներ:

Միջոցառումն ավարտվեց Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի՝ մասնակիցներին ուղղված օրհնության խոսքով ու բարեմաղթանքով: