Սիրելի հայրենակիցներ,
Տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել պատմության գիրկը գնացող հերթական տարին, խոսել տնտեսական ցուցանիշների ու հաջողությունների մասին։ Անկասկած, 2022 թվականն էլ վերջին տասնամյակի նման դժվարին տարի էր մեր երկրի տնտեսվարողների և հատկապես «Վալլեքս» խմբի ընկերությունների համար։
Այնուամենայնիվ, խմբի բոլոր ընկերությունները դժվարին, բայց համառ աշխատանքների արդյունքում ունեցան որոշակի հաջողություններ։
2022 թվականն էլ հույսերի, երազանքների, սպասելիքների տարի էր, սակայն այն նաև նոր պատերազմի, ծանր կորուստների ու նոր դժվարությունների տարի էր։ Ուստի մխիթարանքի իմ խոսքն եմ ուղղում մեր բոլոր այն քույրերին ու եղբայրներին, ովքեր կորուստներ են ունեցել վերջին պատերազմներում։
Այս նոր փորձություններն էլ կրկին ու կրկին պիտի կարողանանք հաղթահարել ազգովին, հաղթահարել ուս ուսի, ու կրկին քարը քարին դնելով, կրկին փորձելով ամրապնդել մեր պետությունն ու պետականությունը, մեր սերունդների ապագան։
Անցնող ու եկող տարիների ճամփաբաժանին Ամանորի մեր մաղթանքները մնում են անփոփոխ՝ 2023 թվականը լինի խաղաղության ու ազգային նպատակների իրականացման տարի:
Խաղաղությունը, զարգացումն ու բարօրությունը լինեն մեր ընտանիքների մշտական ուղեկիցը։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Վալերի Մեջլումյան
«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ