2014թ. հոկտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի (այսուհետ՝ Պլան) շրջանակներում հերթական հանդիպումը: Հանդիպմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և այլ համայնքների (որոնց ներկայացուցիչները կարող են «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դիտարկել որպես իրենց հնարավոր գործատու) մշտական և ժամանակավոր ազգաբնակչության, գյուղապետարանների և քաղաքապետարանների, Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները, «Թեղուտ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողները, Ընկերության գործունեության տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը, հայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպանության մասնագետներ, հասարակական ակտիվիստներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող անձիք և կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ:
Հանդիպումն անցկացվում էր բաց ձևաչափով, և դրան կարող էին մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:
Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը տեղակայվել է ընկերության պաշտոնական կայքում, հեռարձակվել է տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվել է մամուլի հաղորդագրության ձևաչափով:
Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում Թեղուտ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014 թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ժամանակահատվածով բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար:
Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 35 մարդ՝ այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի Շնողի գյուղապետը, ավագանու անդամներ և ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ:
Ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, Ընկերության ընդհանուր ծառայությունների վարչության պետ Ռուբեն Պապոյանը և այլ աշխատակիցներ: Հանդիպման օրակարգի շրջանակներում ներկայացվեցին և քննարկվեցին Պլանի լրամշակված տարբերակի, հարակից համայնքներից սննդամթերքի գնման ընթացակարգի և Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի փակման պլանի նախագծերը, պտղատու այգիների հիմնման՝ «Մանես» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի շարունակականության ապահովման հարցերը:
Ներկաները հնարավորություն ունեցան Ընկերության ներկայացուցիչներին հարցեր ուղղելու և պատասխաններ ու պարզաբանումներ ստանալու նաև օրակարգում չներառված խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքի ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ, իսկ արձանագրությունն առաջիկայում կտեղակայվի ստորև:
Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ