«Վալլեքս» խմբի ընկերությունները մասնակցեցին 2012 թ. մարտի 23-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպված Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մարտի 13-ի 212-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը (ղեկավար՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյան):
Քննարկմանը մասնակցում էին բնապահպանական հասարակական կազմակերպությունների, պետական լիազոր մարմինների, հանքավայրի հարակից համայնքների, հանրային խորհրդի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում ցուցադրվեց հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից պատրաստված տեղեկատվական ֆիլմ, այդուհետ ելույթներով հանդես եկան և իրենց մտահոգող հարցերի մասին բարձրաձայնեցին Հայաստանի «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, «Հայաստանի Կանաչ տարածքների պաշտպանության դաշինք» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը, «Հայկական բնապահպանական ցանց» կազմակերպության ներկայացուցիչ Քըրք Ուոլիսը, «Լոռվա երիտասարդների միասնություն» ՀԿ նախագահ Տարոն Սիմոնյանը, ԷրՃՇՊՀ գեոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանը և այլոք: Բարձրացված հարցերը վերաբերում էին ինչպես ծրագրի իրականացման հնարավոր բնապահպանական հետևանքներին, այնպես էլ այն դերակատարմանը, որ ծրագրի իրականացումը կունենա Լոռու մարզի տնտեսական կյանքում: Այդուհետ տեղեկատվական զեկուցումներով հանդես եկան ՀՀ արդարատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավիտիսյանը, ովքեր ներկայացրեցին համապատասխան պետական լիազոր մարմինների տիրապետած տեղեկատվությունն ու դիրքորոշումը հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ: Հաջորդիվ խոսքը տրվեց «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանին, ով հանգամանալից ներկայացրեց ծրագրի իրականացման ներկա փուլը և անդրադարձավ քննարկման շրջանակներում բարձրացված հարցերին:
Քննարկման շրջանակներում ևս մեկ անգամ ներկայացվեցին Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքները Լոռու մարզի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական առկա իրադրության համատեքստում: Շահագրգիռ հանրության ներկայացուցիչներն իրազեկվեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրավական ընթացակարգերի պահպանվածության, ծրագրով նախատեսված բնապահպանական միջոցառումների, տեխնոլոգիական լուծումների և այլ տեսանկյունների մասին:
Ավարտին՝ նիստի համակարգող ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, ամփոփելով քննարկման արդյունքները, շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար:
Հ.Գ.
Մեր տեղեկությունների համաձայն՝ աշխատանքային խմբի անունից պաշտոնապես հրավիրված էին նաև «Թռչկան» և «Փրկենք Թեղուտը» հասարակական նախաձեռնությունների անդամներ, ովքեր քննարկման նախօրեին տարածած հայտարարությամբ հրաժարվել էին գալ քննարկմանը: Սակայն նրանց մի մասը այդուհանդերձ ժամանել էր Վանաձոր: Լինելով հրավիրված՝ նրանք նախընտրել էին ոչ թե մտնել դահլիճ և քննարկման ձևաչափով արտայհայտել իրենց դիրքորոշումը, այլ՝ տարաբնույթ պաստառներով խմբվել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դիմաց և նախասրահում: Նրանք թմբուկներով անկառավարելի աղմուկ էին բարձրացրել և տարբեր վանկարկումներով ուղեկցում էին քննարկման դահլիճից դուրս եկող մարդկանց: