Ընկերության պղնձաձուլական գործարանը միակն է տարածաշրջանում: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը Ա դասի անզուտ պղնձի արտադրությունն է, որի հիմնական հումքը պղնձի խտանյութն է։

Անզուտ պղնձի արտադրության և իրացման բնագավառում ընկերության արտադրական կարողությունները թույլ են տալիս վերամշակել տարեկան մոտ 50,000 տոննա խտանյութ և արտադրել մինչև 12,000 տոննա անզուտ պղինձ (անզուտ պղնձի արտադրության ծավալը կախված է վերամշակվող խտանյութի մեջ պղնձի պարունակությունից, ինչը, կախված մատակարարներից, տատանվում է 22%-ից մինչև 25%-ի սահմաններում):
Այժմ անզուտ պղնձի արտադրության համար ընկերությունը պղնձի խտանյութի ողջ քանակությունը ստանում է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիրից։  Թողարկվող արտադրանքը՝ անզուտ պղինձը, վաճառվում է համաշխարհային մասշտաբով բարձր համբավ ունեցող գերմանական “Aurubis AG” ընկերությանը:

Վերջին 2 տարիներին ընկերությունը ձեռնամուխ է եղել մետաղական ջարդոնից աղացագնդերի արտադրությանը, որը այժմ գտնվում է փորձարարական փուլում։ Ստացված արտադրանքն ամբողջությամբ իրացվում է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից Կաշենի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայում օգտագործելու նպատակով։

Ընկերությունն ունի շուրջ 530 աշխատակից: Արտադրության մեջ ներգրավված կադրային կազմի արհեստավարժ կորիզն ընկերությունը հիմնականում ժառանգել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատից, որը Խորհրդային Հայաստանի ամենահզոր արտադրական կառույցներից մեկն էր: Աշխատանքային կոլեկտիվը բաղկացած է մետալուրգիայի բնագավառի և արտադրության սպասարկման համար անհրաժեշտ օժանդակ աշխատանքների և հարակից ոլորտների բարձրակարգ մասնագետներից: