Հաշվի առնելով, որ «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից 2012 թ. հունվարի 15-ին տարածված տեղեկատվության հետ կապված ստացվել են հարցումներ՝ հայտնում ենք հետևյալը.
ՀՀ Լոռու մարզի Շնող և Թեղուտ համայնքների վարչական տարածքներում «Թեղուտի պաշտպանության նախաձեռնություն» անվանումով շարժման կողմից 2012 թվականի հունվարի 15-ին անցկացված, սակայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու պայմաններով չիրազեկված բազմամարդ (շուրջ 200 հոգի) հանրային հավաքի ու երթի ընթացքում անձանց ամբոխը, կառավարվելով հավաքի կազմակերպիչների կողմից, փորձել էր տարբեր ուղղություններով մուտք գործել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներ: Հավաքի կազմակերպիչներն ու ակտիվիստները հստակ գիտակցել են առանց համապատասխան թույլտվության «Թեղուտ» ՓԲ ընկերությանը պատկանող տարածքներ մուտք գործելուն միտված իրենց գործողությունների ապօրինի բնույթը, սակայն բացահայտ արհամարհական վերաբերմունք են դրսևորել այլ անձանց (տվյալ դեպքում՝ «Թեղուտ» ՓԲ ընկերության) գույքային իրավունքների ու օրինական շահերի նկատմամբ, իսկ ապօրինի գործողությունների ընթացքը կանխվել էր ՀՀ ոստիկանության և «Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակիցների համատեղ ուժերով: Դրա համար «Թեղուտ» ՓԲ ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել իրականացվող արտադրական աշխատանքներն ու բոլոր աշխատակիցներին տեղաբաշխել ընկերության տարածքների սահմանագծերի առավել խոցելի տեղամասերում: Այս ամենի արդյունքում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կրել է էական վնաս, որը հիմնականում բաղկացած է արտադրական աշխատանքների հարկադրական դադարեցման և այլ անձանց անօրինական ոտնձգություններից սեփական տարածքները պաշտպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 15.01.2012 թ. աշխատողների հարկադիր պարապուրդի գծով կատարվելիք ծախսերից:
Վնասի չափերը ներկայումս ճշտվում են և հայցապահանջների ներկայացումից հետո հանրությունն այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի: